ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի տեղակայման ֆոնին Չինաստանը հորատման աշխատանքներ է սկսել Հարավչինական ծովում․ տարածաշրջանում լարվածությունն աճել է

12:44 • 09.04.21

Չինաստանը, Ֆիլիպինների և Թայվանի հետ լարվածության, ինչպես նաև տարածաշրջանում ԱՄՆ-ի կողմից իր ռազմական ներկայության ավելացման ֆոնին, խորը հորատումներ է իրականացնում Հարավչինական ծովում, հայտնում է Al Jazeera լրատվականը։

Չինական Xinhua լրատվական գործակալության տվյալներով, հետազոտական նավի վրա չինացի գիտնականներն օգտագործել են Sea Bull II հորատման համակարգ՝ 231 մետր երկարությամբ և 2060 մետր խորության վրա գտնվող նստվածք հանելու համար։ Համակարգը կարող է օգնել ուսումնասիրել բնական գազի հիդրատի պաշարները ծովի հատակում. սառույցի պես պինդ բյուրեղները, որոնք առաջացել են մեթանի և ջրի խառնուրդից և ներկայացվում են որպես էներգիայի խոստումնալից աղբյուր:

Անհասկանալի է, թե կոնկրետ որտեղ է տեղի ունեցել հորատումը Հարավչինական ծովում, որի մոտավորապես 90 տոկոսը Պեկինը պնդում է որպես իր տարածքային ջրեր: Հաագայի միջազգային արբիտրաժային դատարանը այդ պնդումը հայտարարել է որպես առանց իրավական հիմքի:

Մալայզիան, Ֆիլիպինները, Թայվանը, Վիետնամը և Բրունեյը նույնպես հավակնություններ ունեն հսկայական նավթային ներուժ ունեցող այս ծովային ջրերի նկատմամբ։

Վերջին շաբաթներին տարածաշրջանում լարվածությունը սրվել է այն բանից հետո, երբ չինական «ծովային ոստիկանության» 200 փոխադրամիջոց տեղակայվել էր Ֆիլիպինների բացառիկ տնտեսական գոտու սահմաններից ոչ հեռու: Ի պատասխան չինական կողմի քայլերին, ԱՄՆ-ն նավատորմի հարվածային խումբը USS Theodore Roosevelt-ի գլխավորությամբ տեղակայել է տարածաշրջանում. խումբը կիրակի մտել է Հարավչինական ծով։

Միացյալ Նահանգների դաշնակից Ֆիլիպինները, որը Պեկինի հետ սերտ կապեր էր հաստատել նախագահ Ռոդրիգո Դուտերտեի պաշտոնավարումից ի վեր, վերջին օրերին անհանգստություն է հայտնել իր բացառիկ տնտեսական գոտու սահմաններում չինական նավերի առկայության կապակցությամբ: Հինգշաբթի Ֆիլիպինների պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ բաց է պահում «բոլոր տարբերակները», քանի որ Մանիլայի` Պեկինի հետ դիվանագիտական վեճն աճում է:

«Իրավիճակի զարգացմանը զուգահեռ մենք բաց ենք պահում իրավիճակը կառավարելու մեր բոլոր տարբերակները, այդ թվում գործընկերության հեռանկարներն այնպիսի երկրների հետ ինչպիսին է Միացյալ Նահանգները», - ասել է Ֆիլիպինների պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արսենիո Անդոլոնգը:

Վերջին օրերին Թայվանի նեղուցներում լարվածությունը նույնպես աճել է։ Թայվանը, որը չինական կողմը համարում է իր տարածքը, հայտարարել է ևս 15 անօդաչուների կողմից երկրի օդային պաշտպանության գոտին հատելու մասին։ Պաշտոնական Թայպեյը շեշտել է, որ անհրաժեշտության դեպքում կպաշտպանի ինքն իրեն «մինչև վերջին օրը»:

Համաշխարհային բեռների մեկ երրորդը, որը գնահատվում է տարեկան ավելի քան 3 տրիլիոն դոլար, անցնում է Հարավչինական ծովով: