ՄԱԿ-ում Մյանմարի դեսպանը զանգվածային բախումների ֆոնին կոչ է արել ոչ թռիչքային գոտի սահմանել երկրի վրա

13:48 • 10.04.21

ՄԱԿ-ում Մյանմարի դեսպանը կոչ է արել ոչ թռիչքային գոտի սահմանել երկրի օդային տարածքում և պատժամիջոցներ կիրառել, քանի որ երկրում շարունակվող բողոքի ակցիաների ընթացքում զոհերի թիվը գնալով ավելանում է, հայտնում է արաբական Al Jazeera լրատվականը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուրբաթօրյա նիստում Միացյալ Նահանգները և եվրոպական երկրները խնդրել են գործողություններ ձեռնարկել, սակայն ռազմական ղեկավարությունն անդրդվելի է մնացել և արգելել ՄԱԿ-ի հատուկ բանագնացին մուտք գործել երկիր:

«Իմ խորին համոզմամբ, միջազգային հանրությունը, մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, թույլ չեն տա, որ Մյանմարում տեղի ունեցող այս վայրագությունները շարունակվեն», - ասել է ՄԱԿ-ում Մյանմարի դեսպան Քյաու Մոե Թունը:

Նա կոչ է արել ոչ թռիչքային գոտի սահմանել՝ խուսափելու քաղաքացիական բնակավայրերին ավիահարվածներ հասցնելու հետագա հնարավորությունից։ Նա նաև խնդրել է զենքի միջազգային արգելք մտցնել և սառեցնել  բանակի անդամների և նրանց ընտանիքների հետ կապված բանկային հաշիվները։

Դիվանագետը նման հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ հստակեցվել է, որ ուրբաթ գիշերվա ընթացքում ավելի քան 60 խաղաղ բնակիչ է սպանվել։

Չինաստանը և Ռուսաստանը վետոյի իրավունք ունեն Անվտանգության խորհրդում և, ընդհանուր առմամբ, դեմ են միջազգային պատժամիջոցներին, հակառակ նրան, որ Մյանմարի ռազմական գլխավոր դաշնակից Պեկինը բարձրաձայնում է իր հարևան պետության անկայունության մասին:

Բռնության աճի և Մյանմարի սահմաններից փախստականների արտահոսքի հետևանքով տարածաշրջանային տերությունները նույնպես ակտիվացրել են լուծումներ գտնելու ջանքերը:

Հիշեցնենք, որ Մյանմարում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, որի ընթացքում զինվորականները ձերբակալել են «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության»  կուսակցության ղեկավար և պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին, նախագահ Վին Մյինային և այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Զինվորական հեռուստատեսությունը հաղորդել էր երկրում մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին: Պետական հեղաշրջման արդյունքում պետական իշխանությունը երկրում անցել է Մյանմարի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աունգ Խլայնուի ձեռքը, իսկ նախագահի պաշտոնակատար է դարձել փոխնախագահ Մյինգ Շվեն:

Այս ընթացքում ընթացող բողոքի ակցիաների ընթացքում սպանվել է 618 խաղաղ բնակիչ և ձերբակալվել շուրջ 3000-ը։ Միևնույն ժամանակ 19 մարդ դատապարտվել է մահապատժի՝ բանակի կապիտանի սպանության մեղադրանքով։