Զելենսկին ժամանել է Թուրքիա (լուսանկարներ)

16:55 • 10.04.21

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր կնոջ՝ Ելենայի հետ միասին, շաբաթ օրը՝ ապրիլի 10-ին, ժամանել է Թուրքիա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Սիբիգան:

«Սկսվել է Վլադիմիր Զելենսկիի այցը Թուրքիա»,- գրել է դեսպանը և հրապարակել ինքնաթիռի մոտ Զելենսկիի դիմավորման լուսանկարները:

Սպասվում է, որ ուկրաինական պետության ղեկավարը կհանդիպի Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

«Երկու երկրների նախագահների համանախագահության ներքո տեղի կունենա Ուկրաինայի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի իններորդ հանդիպումը»,- գրել է Սիբիգան:

Սիբիգան նշել է նաև, որ այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել մի շարք երկկողմ փաստաթղթեր: