Հորդանանի թագավորական ընտանիքը տեղի ունեցած սկանդալից հետո առաջին անգամ միասին է ներկայացել հանրությանը (լուսանկար)

11:38 • 12.04.21

Հորդանանի թագավորական ընտանիքում անցյալ շաբաթ տեղի ունեցած սկանդալից հետո թագավոր Աբդուլլահ 2-րդն ու արքայազն Համզան առաջին անգամ միասին ներկայացել են հանրությանը, հայտնում է BBC լրատվականը։

Թագավորական ընտանիքի անդամները մասնակցել են Հորդանանի Թագավորության անկախության 100-ամյակի կապակցությամբ անցկացված միջոցառմանը, որի ընթացքում ծաղկեպսակներ են խոնարհել անհայտ զինվորի շիրիմին։

Անցյալ շաբաթ տեղի ունեցած սկանդալից հետո արքայազն Համզան առաջին անգամ է ներկայացել հանրությանը։

Jordan king, prince appear together for first time since rift | Abdullah II  News | Al Jazeera

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Հորդանանի նախկին թագաժառանգ արքայազն Համզան տնային կալանքի տակ էր հայտնվել թագավորությունում «անվտանգության և կայունության» դեմ ուղղված գործողությունների մեղադրանքով։ Հորդանանի փոխվարչապետ Այման Սաֆադն ասել էր, որ արքայազնն օտարերկրյա ուժերի հետ երկիրն ապակայունացնելուն ուղղված «չարամիտ դավադրության» մաս է կազմում։

Հորդանանի զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ` դավադրության գործով ձերբակալվել էր 14-ից 16 մարդ, այդ թվում` ֆինանսների նախկին նախարար Բասեմ Իբրահիմ Աուադալլահն ու թագավորական ընտանիքի անդամ Շարիֆ Հասան բեն Զաեդը: Միևնույն ժամանակ, բանակի հրամանատարությունը հերքել էր նախկին թագաժառանգ արքայազն Համզայի ձերբակալման մասին տեղեկությունը:

Համզան, որին Աբդուլլահ 2-րդը զրկել է թագաժառանգի տիտղոսից 2004 թվականին, մեղադրել էր Հորդանանի ղեկավարությանը կոռուպցիայի, նեպոտիզմի և ավտորիտար կառավարման համար: Շաբաթ օրը BBC-ին ուղղարկած տեսանյութ արքայազնն ասել էր․ «Ոչ ոք ի վիճակի չէ որևէ բանի մասին խոսել կամ կարծիք հայտնել՝ առանց բռնության, ձերբակալման, հետապնդումների և սպառնալիքների ենթարկվելու»։

Այս միջադեպից հետո արքայազն Համզան արժանացել է զգալի թվով հորդանանցիների համակրանքին, որոնք կարծում են, որ այժմ արքայազնին վարկաբեկելու արշավ է սկսվել։

Դրանից հետո նախկին թագաժառանգ Համզան ստորագրել է նամակ, որով խոստացել է հավատարիմ մնալ իշխող Հաշեմյան միապետական ընտանիքի ավանդույթներին և մոտեցումներին։ Նամակը հաջորդել է թագավոր Աբդուլլահ 2-րդի կողմից՝ ընտանիքում առկա տարաձայնությունները վերացնելու վերաբերյալ միջնորդությանը համաձայնություն տալուն, ինչպես նաև արքայազն Հասանի և թագավորական ընտանիքի այլ բարձրաստիճան անդամների հետ հանդիպմանը։

Համզան Հորդանանի ներկայիս Աբդուլլահ Առաջին թագավորի կրտսեր խորթ եղբայրն է և նախկին թագավոր Ալ Հուսսեյն Առաջինի և նրա 4-րդ կնոջ՝ Նուր թագուհու առաջնեկը։ 2004 թվականին, գահ բարձրանալուց 5 տարի անց, Աբդուլլահ թագավորը արքայազն Համզային զրկել է «թագաժառանգ» տիտղոսից՝ նշելով, որ այն համադրելի չէ իր ստանձնելիք պաշտոնների հետ։ Երկուսի միջև հարաբերություններում ոչ մի բացահայտ մրցակցություն առ այսօր չի եղել։

Հիշեցնենք, որ սա Թագավորությունում հազվագյուտ միջադեպ է։ Հորդանանը Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դաշնակիցն է և տարիներ ի վեր ամենակայուն պետությունը։