«ԳԱՌուն»-ը վերադառնում է. Ռեստորանային ոլորտը մոտենում է ճգնաժամի ելքին

19:30 • 12.04.21

Ամռանը գինու օրերը զբոսաշրջիկներին Հայաստան կբերեն, գարնանը՝ «ԳԱՌուն»-ը՝ գառան միս ուտելու ֆուդ թրենդը: 2019 թվականին «Մարգարյան Բիզնես Գրուպ»-ը մեկնարկեց նոր «ԳԱՌուն» նախագիծը, որի նպատակն է գառան մսով ուտեստները դարձնել թրենդային, ընդգծել հայկական խոհանոցում գառան մսի դերը: Այն դարձավ նոր ֆուդ-թրենդ հայկական ռեստորանային ոլորտում, որ գալիս է հաջորդելու ավանդական «խաշի սեզոն»-ին:

2020 թվականին համաճարակը խախտեց ծրագրերը, սակայն «ԳԱՌուն»-ն արդեն ունեցել էր մեծ արձագանք: Արդեն 2021-ին ճանաչում ունեցող նախագիծը վերադառնում է համախմբելու հայկական խոհանոցի ու մսի սիրահարներին մեկ հարկի տակ:

««ԳԱՌուն» նախագծի հիմքում նոր փառատոնի ստեղծման գաղափարն է, որը կգրավի թե՛ հայերին, թե՛ զբոսաշրջիկներին: Մենք նպատակ ունենք ստեղծել նոր ավանդույթ՝ ոչ ստանդարտ մոտեցմամբ: Գառան միսը հին հայկական ուտեստների անբաժան մասնիկն է, և մենք նոր շնչով կմատուցենք այն մեր ռեստորաններում:  Մյունխեն գնում են հոկտեմբերին՝ գարեջուր խմելու, Հայաստան կգան մայիսին՝ գառ ուտելու»,- ասաց «Մարգարյան Բիզնես Գրուպ»-ի տնօրեն Կարեն Մարգարյանը:

Ապրիլի 19-ից մինչև մայիսի վերջ «Մարգարյան Բիզնես Գրուպ»-ի՝ Hans&Franz, Alaska by Hans&Franz  և հայկական խոհանոց առաջարկող «Չինար», «Ծիրանի այգի», «Ծիրանի Տուն», «Ոստան» ռեստորաններում կլինի գառան մսով պատրաստված ուտեստներով հագեցած սեզոնային ճաշացանկ: Բացի գառան մսից պատրաստված ավանդական խաշլամայից, տոլմայից՝ կարելի է համտեսել նաև գառան սթեյք և գառան բուրգեր: Գառան սթեյքը «Մարգարյան Բիզնես Գրուպ»-ի ռեստորանների այցելուն կարող է պատրաստել ինքնուրույն՝ վայելելով նաև պատրաստման ընթացքը: Նույնիսկ եթե ծանոթ եք հայկական խոհանոցին, այստեղ ձեզ կմատուցեն արդեն ծանոթը՝ անծանոթ մոտեցմամբ: «Մենք ոչ ստանդարտի կողմնակիցն ենք, ստանդարտ կարող են բոլորը»,-նշում է Կարեն Մարգարյանը:

«ԳԱՌուն»-ի ընթացքում, հաշվի առնելով յուրաքանչյուր ռեստորանի առանձնահատկություն և կոնցեպտ, շեֆ խոհարարները ստեղծել են յուրահատուկ կերակրատեսակներ գառան մսից՝ նոր շունչ հաղորդելով հայկական ավանդական բաղադրատոմսերին:

«ԳԱՌուն»-ը կոտրեց նաև այն կարծրատիպը, որ գառան մսից ոչ հաճելի հոտ է գալիս. դա լինում է բացառապես այն դեպքում, երբ կենդանին ծեր է: Փոխվեց նաև կարծրատիպը, որ կանայք գառան միս չեն ուտում:

«Մարգարյան Բիզնես Գրուպ»-ի 7 ռեստորանը նախատեսված է տարբեր նախասիրություններ ունեցող մարդկանց, տրամադրության և առիթի համար:  Նախաճաշը՝ «Լուի Շարդեն»-ում, ընկերների հետ հավաքույթը՝ «Alaska by Hans&Franz»-ում, ընտանեկան միջոցառումները՝ «Չինար»-ում, մեծ առիթները «Ծիրանի այգի»-ում:  

Ռեստորանային ոլորտը, կարծես, մոտենում է ճգնաժամի ելքին: 2020 թվակականը մարտահրավեր էր ռեստորանային բիզնեսի համար:  Կարեն Մարգարյանը նշում է՝ սպասում են, որ նախկին կայունությունը կվերականգնվի 2022 թվականին:

«Մեր բոլոր մտահաղացումների հիմքում ոլորտը, տնտեսությունը զարգացնել է, մենք միշտ պատրաստ ենք մեր գործընկերների հետ քննարկել նոր գաղափարներ, որոնք կօգնեն աշխարհում ճանաչելի դարձնել հայկական խոհանոցը, պատմել մեր նախագծերի մասին և լսել նոր առաջարկներ, կազմակերպել նոր փառատոններ և նախագծեր, որոնք կբնութագրեն Հայաստանը, կլինեն ազգային և հետաքրքիր օտարերկրացիների համար: Օրինակ, աշխարհի որ անկյունում էլ լինես, «իտալական խոհանոց» բառակապակցությունն արդեն խոսուն է: Պետք է մտածել ընդհանուր շահի մասին և քննադատելու փոխարեն ռեստորատորներով համախմբվել և զարգացնել ոլորտը, ստեղծել հայկական խոհանոցի բրենդը: Այդ ժամանակ բոլորը կհաղթեն»,- նշում է Կարեն Մարգարյանը:

Լեզուն կարելի է չիմանալ, բայց խոհանոցով կարելի է շփվել մշակույթի հետ: «Մարգարյան Բիզնես Գրուպ»-ի 7 ռեստորանում զբոսաշրջիկին կառաջարկեն հայկական ավանդական ուտեստներ՝ համապատասխան իրենց քիմքին: «Այս տարի տուրիստական հոսք կարելի է սպասել Ռուսաստանից: Աշխարհը դեռ փակ է, երբ սահմանները բացվեն, պետք է հյուրերին առաջարկել նորարարություն և որակ՝ոչ ստանդարտ մոտեցմամբ»,-նշում է Կարեն Մարգարյանը:

Վերականգնելու համար հին ավանդույթները, ընկերական ու ընտանեկան հավաքույթները՝ «Մարգարյան Բիզնես Գրուպ»-ի ռեստորաններում մշտապես ստեղծվում են «մենյու սեթ»-եր:

Իսկ առաջիկա մեկուկես ամսվա ընթացքում առկա #ԳԱՌուն մենյուի՝ գառան մսով հատուկ կերակրատեսակները կարելի է փորձել ոչ թե, որովհետև գառան միսն օգտակար է, հավելումներ չի պարունակում, խոլեստերինի հետ խնդիր չի առաջացնում... այլ պետք է փորձել, քանի որ դրանք պարզապես շատ համեղ են:

Հեղինակ՝  Լուսինե Զարայելյան