Մոսկվայի ֆիտնես ակումբներից մեկում ադրբեջանցի օրենքով գողի են գնդակահարել

20:08 • 12.04.21

Մոսկվայի Ավիացիոն փողոցում գտնվող ֆիթնես ակումբում մի այցելուն կրակել է մյուսի վրա, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում տալով Քննչական կոմիտեին:

Տեղեկացված աղբյուրը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ սպանվել է 40-ամյա օրենքով գող Ալի Հեյդարովը (Ալբերտ Ռիժի):

Քննչական կոմիտեում մինչ այժմ հաստատվել է, որ ապրիլի 12-ի ցերեկը ֆիտնես ակումբի տարածքում գտնվող անհայտ անձը մի քանի անգամ կրակել է տղամարդու վրա, որը տեղում մահացել է: Քննիչներն ու քրեագետներն արդեն ժամանել են դեպքի վայր:

Գործը հարուցվել է սպանության և զենքի ապօրինի շրջանառության վերաբերյալ հոդվածներով:

Ծնունդով Գյանջա քաղաքից Հեյդարովը իր հանցավոր գործունեությունն սկսել է 1996 թ.-ին Արխանգելսկի մարզում, որտեղ նա կազմակերպված հանցավոր խմբավորումներից մեկի կազմում զբաղվել է ավազակություններով և գողություններով: Ավելի ուշ նա միացել է օրենքով գող Ասլան Ուսոյանի («Դեդ Հասան») քրեական կլանին: