«Թուրքիան համավարակից դուրս կգա որպես ավելի ուժեղ երկիր»․ Էրդողանը երկրում կորոնավիրուսային իրավիճակի վատթարացման ֆոնին հայտարարություն է արել
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի թիվը 50 հազարի շեմը հատելու ֆոնին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կհաղթահարի կորոնավիրուսային ճգնաժամը, հայտնում է Ahval-ը։
«Թուրքիան համավարակից դուրս կգա որպես ավելի ուժեղ երկիր», - ասել է ասել է Էրդողանը Ստամբուլում կայացած միջոցառման ժամանակ։
Երկրի առողջապահության նախարարության տվյալներով` կիրակի օրը կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը հասել է 50 678-ի։ Մինչ այժմ գրանցվել է ընդհանուր 3,84 միլիոն դեպք, որից 33,939-ը` մահվան ելքով: Կիրակի օրվա ընթացքում մահացել է 237 մարդ։
Վարակի գրանցման դեպքերն աճել են այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները, իսլամական Ռամադանի նախաշեմին, թուլացրել են կորոնավիրուսային սահմանափակումները։
Թուրքիայում վարակման դեպքերի 40 տոկոսը գրանցվել է Ստամբուլում։ Միայն Ստամբուլի երկու համաճարակային հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում կա 600 հիվանդ։










