«2020-ին Կանադայում օտարերկրյա լրտեսության ակտիվության մակարդակը հասել է «սառը պատերազմի» տարիների ցուցանիշին»․ երկրի հետախուզական ծառայություն
2020 թվականին Կանադայի տարածքում օտարերկրյա լրտեսության ակտիվության մակարդակը հասել է «սառը պատերազմի» տարիների ցուցանիշին: Նման պնդմամբ երկուշաբթի հանդես է եկել Կանադայի անվտանգության և հետախուզության ծառայության ղեկավար Դևիդ Վինյոն, փոխանցում է CNN-ը։
«Չարագործներն օգտվում են COVID-19-ի համավարակի հետևանքով ստեղծված անկայուն և արագ փոփոխվող իրադրությունից։ 2020 թվականին Կանադայի անվտանգության և հետախուզության ծառայությունը լրտեսական ակտիվության և օտարերկրյա միջամտության աննախադեպ աճ է արձանագրել»,- ասված է հետախուզության ղեկավարի հայտարարության մեջ, որտեղ ընդգծվում է՝ օտարերկրյա հետախուզությունների ակտիվության մակարդակը 2020 թվականին հասել է «սառը պատերազմի» տարիների ցուցանիշին։
Օտարերկրյա միջամտություն ասելով՝ Կանադայի հատուկ ծառայությունը նկատի ունի նաև պետական կառույցների, բուհերի, ոչ կառավարական կազմակերպությունների և մասնավոր ձեռնարկությունների վերաբերյալ սոցիալական ցանցերում ապատեղեկատվության արշավները:
Կանադական հետախուզությունը նշել է նաև տարբեր ծայրահեղական և արմատական շարժումների աննախադեպ ակտիվության մասին։
Գերատեսչությունում կարծում են՝ հիշյալ գործողություններում, մասնավորապես, ներգրավված են Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետախուզական ծառայությունները, ինչպես նաև տարբեր միջազգային ահաբեկչական կազմակերպություններ:










