«Նաթանզի միջադեպը հանցագործություն է մարդկության դեմ»․ Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն ասել է, որ Նաթանզի միջադեպը «մարդկության դեմ հանցագործություն» է, հայտնում է Tehran Times-ը։
Ղաթիբզադեն նշել է․ «Հայտնի է, որ սիոնիստական ռեժիմը կանգնած է այս պատմության ետևում։ Իհարկե, ուրախ եմ, որ մարդկային կորուստներ և շրջակա միջավայրի վնասներ չեն եղել։ Սակայն սա հանցագործություն է մարդկության դեմ»։
«Եթե նպատակը Իրանի թուլացումը լիներ, ապա նման քայլ չէր ձեռնարկվի. հարձակման հետևանքով շահագործումից հանված բոլոր ցենտրիֆուգները IR1 տեսակի են և կփոխարինվեն նորերով: Նրանք հաստատ չեն հասնի այդ նպատակին: Այս գործողությամբ օկուպանտ ռեժիմը փորձել է վրեժ լուծել իրանցի ժողովրդից, որը լցված է համբերությամբ և իմաստությամբ», - ասել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը և նախազգուշացրել, որ Իրանի պատասխանը վրեժ կլինի սիոնիստական ռեժիմի դեմ՝ իր տեղում և ժամանակին։
Սաիդ Ղաթիբզադեն Նաթանզի միջադեպն անվանել է «միջուկային ահաբեկչություն»։ Նա նշել է, որ Իրանն օրինականորեն պաշտպանվելու և պատասխան հասցնելու իրավունք ունի՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի։
Խոսնակը տեղեկացրել է, որ վնասի չափի հստակեցման ուղղությամբ հետաքնություն է ընթանում և վնասի չափը հայտատարվելու է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության կողմից։ Նա նաև կոչ է արել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ չսահմանափակվել հայտարարություններով և քննադատություններով։
Հիշեցնենք, որ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունից կիրակի առավոտյան հայտնել էին միջուկային կառույցում տեղի ունեցած «ահաբեկչության» մասին, որից հետո երկրի իշխանություններն անհապաղ սկսել են հետաքննություն վարել կատարվածի շուրջ:
Իրանցի պատգամավոր Մալեք Շարիաթին նախօրեին չէր բացառել, որ Նաթանզում տեղի ունեցած միջադեպը կարող էր սաբոտաժ լինել: ԱՄՆ-ում կարծիք են հայտնել, որ վթարին կարող է ներգրավված լինել իսրայելական կողմը:
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն այսօր ավելի վաղ կարծիք է հայտնել, որ Իսրայելը մասնակցություն է ունեցել Նաթանզի «միջուկային վթարին», որի նպատակն է եղել Թեհրանի և միջնորդների միջև միջուկային գործարքի շուրջ բանակցությունները խափանելու համար:










