Ինձ թեկնածուի մեջ գոհացրեց անկեղծությունը, կարող էր չէ՞ ինչ-որ առումով շրջանցել հարցը. Արտակ Մանուկյանը՝ ՀԾԿՀ անդամի թեկնածուի մասին (տեսանյութ)

12:58 • 13.04.21

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը, իր ելույթում անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թեկնածու Լևոն Բունաթյանին, նախ խոսեց ՀԾԿՀ գործառույթներից և նշեց՝ սակագների նվազումը կախված է իրավիճակներից:

Թեկնածուի վերաբերյալ նա նշեց. «Կարծում եմ, որ առաջադրելու համար կան շատ չափորոշիչներ, ինձ թեկնածու մեջ գոհացրեց անկեղծությունը, այդ մարդը անկեղծ գալիս ասում էր՝ ես չեմ կարդացել, կարող էր չէ՞ ինչ-որ առումով շրջանցել, և ասել՝ կարդացել եմ, և փորձեր ձևակերպումներ անել»:

Չնայած դրան՝ Արտակ Մանուկյանն ասաց, որ կարծում է՝ անկեղծությունը անհրաժեշտ, բայց ոչ բավարար գործոն է: «Պարոն Բունաթյան, երբ գալիս եք ամբիոնի մոտ, կարող եք ինչ-որ բան չիմանալ: Չիմանալն ամոթ չէ, բայց ամոթ է իմանալ չցանկանալը: Չիմանալ ռազմավարական ծրագիրը, չունենալ բարեփոխումների փաթեթ, տեսլական, ինձ համար անընդունելի է որպես ԱԺ պատգամավոր: Եթե չկա սովորելու ցանկություն, ապա կամայական բարի մղումներով և անկեղծ նպատակներով համակարգը փոխելն այդքան արդյունավետ չի լինի»,-ասաց պատգամավորը և հույս հայտնեց, որ հաջորդ թեկնածուն կլինի անկեղծ, բայց կլինի սովորելու ցանկություն ունեցող: