Արքայազն Ֆիլիպի դագաղը ծածկված կլինի իր անձնական դրոշով (լուսանկարներ)

10:10 • 13.04.21

Մեծ Բրիտանիայի թագուհու ամուսնու՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի թաղման արարողության ժամանակ, որը տեղի է ունենալու ապրիլի 17-ին, հնչելու է կրակահերթ և հայտարարվելու է ազգային լռության րոպե։ Բացի այդ հանգուցյալ արքայազնի դագաղը ծածկված է լինելու իր անձնական դրոշով, հայտնում է BBC լրատվականը։

Դրոշը բաղկացած է 4 մասից․ վերևի ձախ անկյունը դեղին ֆոն է՝ կարմիր սրտերով և կապույտ վիշապներով, որոնք ներկայացնում են Դանիայի զինանշանը: Վերին աջ անկյունում Հունաստանի ազգային դրոշի սպիտակ խաչն է: Ներքևի ձախ կողմում` սև և սպիտակ ուղղահայաց շերտեր, որոնք ներկայացնում են Մաունթբաթեն ընտանիքը, իսկ աջ կողմում` Էդինբուրգը ներկայացնող դղյակ` ի պատիվ Էդինբուրգի դուքսի իր տիտղոսի:

Սուրբ Ջորջի մատուռում, բարձերի վրա կցուցադրվեն նաև Ֆիլիպի մեդալներն ու ռազմական պարգևները:

Արարողության ավարտից հետո Էդինբուրգի դուքսին կտեղափոխեն արքայական դամբարան։

Հիշեցնենք, որ հուղարկավորության արարողությունը տեղի է ունենալու Սուրբ Ջորջի մատուռում, Ուինձորի ամրոցի տարածքում, ապրիլի 17-ին, շաբաթ օրը, ժամը 15: 00-ին և հեռարձակվելու է հեռուստատեսությամբ:

Հայտնի է, որ, հակառակ արքայական (պետական) հուղարկավորության հնարավորությանը, արքայազնը նախընտրել է, որ ռազմական հուղարկավորություն տեղի ունենա և արարողությունն անցկացվի Ուինձորի ամրոցի Սուրբ Ջորջի մատուռում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, արքայազնի մահվան մասին թագավորական ընտանիքը հայտնել է իր թվիթերյան էջում․ «Խոր ցավով Նորին Մեծություն թագուհին տեղեկացրել է իր սիրելի ամուսնու՝ Էդինբուրգի դուքսի մահվան մասին: Նորին թագավորական մեծությունը կյանքից խաղաղ հեռացել է այսօր առավոտյան` Վինձորի ամրոցում»։

Արքայազնը մահացել է 99 տարեկանում։

Հատկանշական է, որ թագուհին, 1997 թվականին, պսակադրության հոբելյանի ժամանակ ասել է․ «Նա իմ ուժն ու կայունությունն է եղել այս ողջ տարիների ընթացքում»։

Արքայազն Ֆիլիպը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ միապետի ամենաերկարակյաց կողակիցն է:

Զույգն ամուսնացել է 1947 թվականին, երբ թագուհին ընդհամենը 21 տարեկան էր, իսկ արքայազնը թագավորական նավատորմի սպա էր, ով սերում էր հունական և դանիական թագավորական ընտանիքներից։ Այսպիսով Ֆիլիպ Մաունթբաթենը դարձել է Էդինբուրդի դուքս արքայազն Ֆիլիպ։

Հիշեցնենք նաև, որ փետրվարին արքայազնը տեղափոխվել էր Լոնդոնի կենտրոնում գտնվող «Էդուարդ VII» մասնավոր հիվանդանոց ապա սրտի վիրահատություն էր տարել Սուրբ Բարդուղիմեոսի հիվանդանոցում։

St George's Chapel at Windsor CastleAerial view of Windsor CastleGraphic showing duke's standard, cap and swordMap showing route of procession to St George's ChapelFloor plan of St George's Chapel, WindsorGun salute in London