Reuters լրատվական գործակալությունը վերջին 170 տարվա ընթացքում առաջին անգամ կին գլխավոր խմբագիր ունի
Ամերիկյան Reuters լրատվական գործակալությունը նոր գլխավոր խմբագիր ունի. նա վերջին 170 տարվա մեջ առաջին կինն է, որը ղեկավարում է լրատվական գործակալությունը։
Այս մասին նշված է գործակալության տարածած հաղորդագրության մեջ։
Ծնունդով Հռոմից 47-ամյա Ալեսսանդրա Գալլոնին հաջորդելու է 10 տարի այս պաշտոնը զբաղեցրած ամերիկացի լրագրող Սթիվեն Ադլերին, որը թոշակի է անցել։ Պաշտոնը ստանձնելով` Գալլոնին ղեկավարելու է 2450 աշխատակցի:
Ալեսսանդրա Գալլոնին ավարտել է Հարվարդի և Լոնդոնի տնտեսագիտության դպրոցները և 13 տարի աշխատել The Wall Street Journal-ում՝ նախ որպես Լոնդոնի, ապա Հռոմի և Փարիզի թղթակից, ապա ղեկավարել լրատվականի Հարավային Եվրոպայի բյուրոն։
2013 թվականից տեղափոխվել է Thomson Reuters լրատվական՝ խմբագրելով Հարավային Եվրոպայի արդեն հայտնի տարածաշրջանի նորությունների բաժինը, ապա ստանձնել միջազգային լուրերի գլխավոր խմբագրի պաշտոնը։
Reuters լրատվական գործակալությունը հիմնադրվել է 1851 թվականին գերմանացի ներգաղթյալ Փոլ Ջուլիուս Ռոյտերի կողմից, սակայն նրա պատմությունը սկսվել է 1849 թվականին, երբ գրասենյակներ են բացվել Աախենի (Գերմանիա) և Բրյուսելի (Բելգիա) միջև ֆոնդային ռեպորտաժների փոխանակման համար, որտեղ օգտագործել են փոխադրող աղավնիներ՝ տեղեկատվություն ուղարկելու նպատակով: Reuters-ի գրասենյակը, որը հիմնադրվել է Լոնդոնում 1851 թվականին, արդեն ֆոնդային նորությունները փոխանցում էր նոր հեռագրական մալուխի միջոցով: Հաջորդ քայլը Եվրոպայում որոշ թերթերի համար քաղաքական նորությունների փոխանցումն է եղել: Գործակալության լրագրողները առաջիններից են, որ աշխարհին տեղեկացրել են այնպիսի իրադարձությունների մասին, ինչպիսիք են Միացյալ Նահանգների նախագահ Աբրահամ Լինքոլնի սպանությունը և Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը: 2008 թվականի մարտին Reuters-ը միացավ կանադական Thomson լրատվական խմբին: Միավորված Thomson Reuters ընկերությունում Reuters-ը տեղեկատվության հիմնական մատակարարն է:










