Գերիների մասին ակտիվ քննարկումներով ուզում են ապակողմնորոշել մեր հանրությանը. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
Գերիների մասին քննարկումները ոչ ճիշտ մթնոլորտ են ստեղծում հանրության շրջանում, և այդ թեման չպետք է լինի քննարկման առարկա: Այս մասին Ազգային ժողովի հայտարարությունների ժամանակ ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Այս օրերի ընթացքում ակտիվ քննարկվում է գերիների հարցը, որը նպատակ ունի ապակողմնորոշել հանրությանը և արհեստական լարվածություն ստեղծել պետության ներսում, բազմիցս նշել եմ՝ նմանատիպ թեմաները անտեղի հանրային քննարկման առարկա դարձնելը, ոչ միայն որևէ ձևով չի օգնում գերիների վերադարձին, այլև ուղղակիորեն խանգարում է այդ գործընթացին»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Նա նաև նշեց՝ յուրաքանչյուր ողջ զինվոր դեռ առաքելություն ունի, որը պետք է կատարի:
«Անկախ նրանից՝ արդյոք ցավը մեր սեփական ընտանիքին է պատկանում, թե ոչ, պատերազմի ընթացքում գերի ընկած յուրաքանչյուր անձ, հերոսաբար ընկած կամ կենդանի մնացած յուրաքանչյուր զինվոր մեր տան անդամն է և մեր պետության արժեքավոր քաղաքացին, որը դեռ առաքելություն ունի իրականացնելու»,- նշեց պատգամավորը:










