Իրանը խոստացել է Նաթանզի միջուկային կառույցի դեմ իրականացված «ահաբեկչությանը» պատասխանել «ագրեսորի» տարածքում
Թեհրանը մտադիր է պատասխանել իրանական Նաթանզ քաղաքի միջուկային կառույցի դեմ իրականացված «ահաբեկչական հարձակմանը» հենց «ագրեսորի» տարածքում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիան:
«Իրանն իրեն իրավունք է վերապահում քայլեր անել իրագործողների, կազմակերպիչների և հովանավորների դեմ, կլինի հատուցում և պատասխան ագրեսորի տարածքում: Մեր երկրորդ պատասխանը կլինի երկրի խաղաղ միջուկային գործունեության զարգացումը»,- Ռաբիային մեջբերում է կառավարության մամուլի ծառայությունը:
Ռաբիան ընդգծել է նաև, որ Իրանն ակնկալում է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի անդամ բոլոր կողմերը և ԱՄՆ կառավարությունը, որոնք «իրենց համարում են դիվանագիտության կողմնակիցներ», կդատապարտեն Նաթանզի միջուկային կառույցի դեմ իրականացված գործողությունը, որի նպատակը դիվանագիտական ասպարեզում առաջընթացը խաթարելն է:
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունից ապրիլի 11-ին հայտնել էին, որ Նաթանզի միջուկային կառույցի դեմ ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել, որի հետևանքով խաթարվել է բաշխիչ էլեկտրացանցի աշխատանքը: Ատոմային կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին կատարվածը որակել էր որպես «միջուկային ահաբեկչություն»:
Իրանի ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ կատարվածի հետևում կանգնած է Իսրայելը: New York Times պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Նաթանզի վթարը տեղի է ունեցել իսրայելական կողմի կազմակերպած պայթյունի հետևանքով:










