«Այսպիսի տեսք ունեն ոչ թե հաղթողները, այլ ռազմական հանցագործները»․ Bloomberg-ի, Guardian-ի լրագրողներն ու փորձագետները դատապարտել են Բաքվում ռազմական ավարի պարկի բացումը

13:14 • 13.04.21

Հեղինակավոր պարբերականների մի շարք լրագրողներ վրդովմունքով են արձագանքել Ադրբեջանում Արցախյան պատերազմին առնչվող ռազմական ավարի պարկի բացմանը, որին ներկա է գտնվել նաև երկրի նախագահ Իլհամ Ալիևը:

«Պատերազմի ավարտից հինգ ամիս անց Ալիևը դեռևս զինվորական համազգեստ է կրում, մինչդեռ ադրբեջանցի պաշտոնյաները պնդում են, որ նրանք իսկապես ջանասիրաբար աշխատում են հաշտեցման ուղղությամբ:

Սա օրինակ է առ այն, թե ինչու է միանգամայն հիմարություն կարծել, որ երբևէ հայ-ադրբեջանական հաշտեցումը հնարավոր է, քանի դեռ Ալիևն իշխանության գլուխ է։

Եվ, իհարկե, պետք է ավելի խենթացնող մի բան էլ ասեմ․ այստեղ Ալիևն ուսումնասիրում է հայ զինծառայողների մոմե արձանները»,- Twitter-ի իր էջում գրել է Guardian-ի և CNN-ի լրագրող Նիլ Հաուերը՝ կից տեղադրելով Ալիևի լուսանկարները։

Բրիտանացի լրագրող, Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող, Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս Դե Վաալն, իր հեթին, գրել է, որ թեև գրեթե դադարել է Twitter-ում մեկնաբանել հայ-ադրբեջանական հարաբերությունները, քանի որ «երկու կողմերից չափազանց շատ են Լինչի դատաստանի կողմնակիցները», բայց Ադերբեջանում այսպես կոչված «պուրակի» բացումը չափազանց վհատեցնող է։

«Կրակոցները դադարել են, բայց  «հաղթանակ = դիմացինի նվաստացում»-ը շարունակվում է»,- հավելել է նա։

Ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը, որն Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ակտիվորեն լուսաբանել է Ադրբեջանի վայրագությունները, զարմանալի չի համարել այն, որ այլասերվածության այս տեսակը խրախուսվում և նշվում է պետական մակարդակով։
 
«Զարմանալի չէ, որ այդքան շատ ադրբեջանցի զինվորներ փաստել են իրենց դաժան ռազմական հանցագործությունները: Այլասերվածության այս տեսակը խրախուսվում և նշվում է պետական մակարդակով»,- Twitter-ում գրել է Սնելը:
 
Իր հերթին, գերմանացի կինոռեժիսոր և իրավապաշտպան Դյունեզ Թեկկալն իր նողկանքն է հայտնել հայ զինվորների սաղավարտների ֆոնին քայլող Ալիևի լուսանկարի կապակցությամբ։
 
«Այսպիսի տեսք ունեն ոչ թե հաղթողները, այլ ռազմական հանցագործները. Ադրբեջանի նախագահ Ալիևը Բաքվում կառուցել է սեփական զվարճանքի այգին՝ հայ զինվորների սաղավարտներով և հայկական համազգեստով մոմե տիկնիկներով և տաղավարներով։ Սիրտս խառնում է»,- գրել է Թեկկալը:
 
«Սա իսկապես նողկանք է առաջացնում և հիշեցնում է Բաղդադում «Հաղթանակի կամարի» հիմքում սաղավարտների հավաքածուն, որը, Սադամի պմդմամբ, պատկանում է 1980-88 թվականների պատերազմում զոհված իրանցի զինվորներին»,- գրել է  Bloomberg-ի լրագրող Բոբի Գոշը: