Քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանևսկին արդարացվել է
Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, արդարացման դատավճիռ է կայացրել Արտյոմ Հարությունովի նկատմամբ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
«Այն որոշումը, որը կայացվեց, միանգամայն արդարացի էր, քանի որ իրականում չկար այն հանցակազմը, որը առաջադրվել էր Արտյոմ Հարությունովին, ի սկզբանե չկար հանցակազմը, ոչ թե դա պարզ դարձավ դատավարության ընթացքում»,- ասաց Հովսեփ Սարգսյանը:
Նշենք՝ Արտյոմ Հարությունովը մեղադրվում էր ապօրինի զենք պահելու մեջ և ըստ նրան առաջադրված մեղադրանքի` նրա կողմից օգտագործվող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մեջ ապօրինի պահել է Մյասնիկ Մատինյանի անվամբ հաշվառված, կրակելու համար պիտանի, ակոսափող հրազեն հանդիսացող որսորդական հրաձիգ՝ իր պահեստատուփով, գործարանային արտադրության փամփուշտներով:
Հիշեցնենք նաև՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր չհեռանալու մասին ստորագրությունը: Փաստաբանի հավաստմամբ` բոլոր այդ գործողությունները եղել են ի սկզբանե անօրինական:
«Վարույթ իրականացնող մարմինները թույլ էին տվել մի շարք դատավարական խնդիրներ այդ մի շարք խնդիրների մեջ էր մտնում նաև Արտյոմ Հարությունովի իրավունքների խախտումը, այսինքն՝ առկա էին ոչ միայն դատավարական իրավունքի խախտումներ, այլ նաև քննչական իրավունքի խախտումներ: Այն մեղադրանքը, որը առաջադրվել էր, ուղղակի գոյություն չուներ»,- նշեց փաստաբանը:










