ԳՇ պետի տեղակալ Արշակ Կարապետյանի ու կնոջ հայտարարագրերը. ամուսինը բնակարան չունի, կինն ունի առանձնատուն, ռեստորանի ու հողամասերի բաժնետեր է

13:02 • 13.04.21

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հրապարակված է ԳՇ նորանշանակ պետի տեղակալ Արշակ Կարապետյանի ու նրա տիկնոջ 2020 թվականին ներկայացրած տարեկան հայտարարագրերը: Tert.am-ը հայտարարագրերից տեղեկանում է, որ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակված Արշակ Կարապետյանը, որը զբաղեցնում էր Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնը, 2019 թվականի տարեսկզբի համար որպես բանկային հաշվին առկա միջոց, հայտարարագրել է 695,000 դրամ, տարեվերջին այն կազմել է  3,571,000 դրամ։

Որպես կանխիկ միջոցներ՝ տարեսկզբի համար Կարապետյանը ներկայացրել է 1 մլն դրամ և 7000 դոլար, որոնցից առաջինը տարեվերջին պակասել է 200 հազար դրամով, երկրորդը՝ ավելացել 200 դոլարով։

ՀՀ Կառավարությունից որպես աշխատանքի վարձատրություն՝ Կարապետյանը 2019-ին ստացել է 10,523,961 դրամ, որպես կենսաթոշակ՝ 2,101,000 դրամ։

Որպես անշարժ գույք՝ վարչապետի նախկին խորհրդականը հայտարարագրել է այգետնակ՝ Կոտայքի մարզում։

Կնոջ՝ Ռոզա Կարապետյանի հայտարարագրում նշվում է, որ նա ունի մեկ առանձնատուն Արաբկիրում, Արաբկիրում գործող համալիրի (հասարակական նշանակության շինություն բնակչության սպասարկման համար) բաժնային սեփականատեր է, Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում երկու հողամասի բաժնային սեփականատեր է:

Արշակ Կարապետյանի կինը հայտարարագրել է նաև 2011 թվականի արտադրության «Աուդի» մակնիշի ավտոմեքենա: Տարեսկզբին Կարապետյանի կինը, ըստ ներկայացաված հայտարարագրի, ունեցել է 9,000,000 կանխիկ դրամ, որը տարվա վերջում կազմել է 4,500,000 դրամ։ Որպես աշխատանքի վարձատրություն՝ Կարապետյանի կինը ներկայացրել է 819,000 դրամ, վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցումը՝ 576,000 դրամ։

Հիշեցնենք, որ Կարապետյանը 2018-ի փետրվարին նշանակվել էր Ռուսաստանում ՀՀ դեսպանատան ռազմական կցորդ, իսկ նույն տարվա դեկտեմբերին`Նիկոլ Փաշինյանի խորհրդական։

Ապրիլի 6-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նա ազատվեց վարչապետի խորհրդականի պաշտոնից, իսկ հաջորդ օրը՝ ապրիլի 7-ին, Փաշինյանի կողմից հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Կարապետյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:

Այսօր՝ ապրիլի 13-ին, Կառավարությունը հայտարարություն տարածեց, որ Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնին։
Հիշեցնենք նաև, որ Կարապետյանը նախկինում զբաղեցնում էր Զինված ուժերի ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնը, այդ պաշտոնից հեռացվել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո: