ՄԱԳԱՏԷ-ում պաշտպանել են Տոկիոյի` «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ջուրն օվկիանոս լցնելու մասին որոշումը

17:54 • 13.04.21

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին ողջունել է Ճապոնիայի կառավարության որոշումը, որը վերաբերում է «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանից մաքրված ջուրը օվկիանոս լցնելուն և խոստացել է, որ կազմակերպությունը երկրին կաջակցի բացասական հետեւանքներից խուսափելու գործում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ «Կիոդո» գործակալությունը հաղորդել էր, որ Ճապոնիայի կառավարությունը որոշել է ջուրը հանգամանորեն մաքրելուց հետո «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանից լցնել օվկիանոս:

«Ես ողջունում եմ Ճապոնիայի հայտարարությունն այն մասին, թե ինչպես է նա օգտահանելու մաքրված ջուրը, որը պահվում է Ֆուկուսիմայի ատոմային էլեկտրակայանում: ՄԱԳԱՏԷ-ն Ճապոնիայի հետ աշխատելու է ջուրն օվկիանոս լցնելուց առաջ, այդ ժամանակ և դրանից հետո, որպեսզի դրա իրականացման ապահովմանը նպաստի առանց առողջության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության»,-Գրոսին գրել է Twitter-ի իր Էջում:

Նրա խոսքով՝ ծովի մեջ ջրի վերահսկվող նետումները կանոնավորապես կիրառվում են ամբողջ աշխարհում և տարածաշրջանում գործող ատոմային էլեկտրակայանների կողմից՝ անվտանգության և շրջակա միջավայրի պահպանման խիստ ստանդարտներին ու կանոններին համապատասխան: Ջրի նետումը կսկսեն մոտավորապես 2023 թվականին:

Հաշվի առնելով ամբարներում ջրի կուտակման ընթացիկ տեմպերը, բոլոր առկա տարողությունները լիքը կլցվեն մինչև 2022 թվականի վերջը: Ավելի վաղ այս տարվա մարտին Ճապոնիայի կառավարությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը խնդրել է կարծիք հայտնել ռադիոակտիվ ջուրը թափելու պլանների մասին, որը վթարային ատոմակայանում օգտագործվել է ռեակտորների պաղեցման համար: 2011 թվականի մարտին 9,0 մագնիտուդով երկրաշարժի և ցունամիի հետևանքով «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի է ունեցել Չեռնոբիլից հետո ամենաուժեղ վթարը:

Ճառագայթման արտահոսքերի պատճառով տարհանվել են Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի արևելյան շրջանների բնակիչները: