«Հիմնական ուժերը կենտրոնացած են Սև ծովի և Բալթյան տարածաշրջանում». Շոյգուն խոսել է ՌԴ սահմանների մոտ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի մասին

16:39 • 13.04.21

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն զորքեր են տեղափոխում դեպի  եվրոպական Ռուսաստանի սահմաններ, նրանց հիմնական մարտական ներուժը Սևծովյան տարածաշրջանում և Բալթիկայում է: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Այժմ ամերիկյան զորքերը Հյուսիսային Ամերիկայի մայրցամաքային մասերից Ատլանտյան օվկիանոսի վրայով տեղափոխվում են Եվրոպա: Եվրոպայում զորքերը շարժվում են դեպի Ռուսաստանի սահմաններ: Հիմնական ուժերը կենտրոնացած են Սև ծովի և Բալթյան տարածաշրջանում», -ասել է Շոյգուն Սևերոմորսկում կայացած խորհրդակցության ժամանակ:

Պաշտպանության նախարարի խոսքերով` Ռուսաստանի Դաշնության տարածքի մերձակայքում կկենտրոնացվի ընդհանուր առմամբ 40 000 զինծառայող և 15 000 միավոր զինամթերք և ռազմական տեխնիկա, ներառյալ ռազմավարական ավիացիան: