«Հուսամ` ռուսաստանցիների գոնե մի մասը կհրաժարվի հանգստանալ Թուրքիայում»․ ՌԴ խորհրդարանի վերին պալատի փոխխոսնակ

15:08 • 13.04.21

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչյովը սոցցանցերում ռուսներին հորդորել է հայրենասիրություն ցուցաբերել և հրաժարվել անբարյացակամ երկրներ մեկնելուց՝ ոչ միայն կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով, այլև քաղաքացիական համերաշխության զգացումից ելնելով, հայտնում է Свободная Пресса լրատվականը։

Կոսաչյովը հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը՝ Ղրիմի միացումը ՌԴ-ին չճանաչելու սկզբունքային որոշման մասին, ինչպես նաև այն, որ Ղրիմում և Սևաստոպոլում ապրում է շուրջ 2,5 միլիոն ռուսաստանցի, որոնց Թուրքիայի նախագահն այդպիսով հրաժարվում է ազատ մարդիկ համարել։

«Ես կցանկանայի, որ նման հայտարարություններից հետո, եթե ոչ բոլորը, ապա հանգստացողներից ոմանք գոնե բարոյապես անհնար համարեին  իրենց միլիոնավոր համաքաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ոտնահարող երկրում հանգստանալ՝ իրենց ընտրությամբ և ոչ թե չեղյալ հայտարարված թռիչքների պատճառով։ Անկախ իշխանությունների գործողություններից, պետք է լինի քաղաքացիական համերաշխություն», - գրել է փոխխոսնակը։

Նա նշել է, որ հենց նման իրավիճակներում է «փորձարկվում ազգի հայրենասիրությունը»։