Ուկրաինան Օսմանյան կայսրության նույնպիսի նախկին նահանգն է, ինչպես և Բալկանները, Անդրկովկասը և արաբական աշխարհը. Սատանովսկին վերլուծել է՝ ինչու է Էրդողանը հետաքրքրված Ուկրաինայով

20:08 • 13.04.21

Ռուսաստանցի արևելագետ, քաղաքական և ռազմական փորձագետ Եվգենի Սատանովսկին, վերլուծելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի օրերս կատարած այցը Ստամբուլ և հանդիպումը թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, կարծիք է հայտնել, թե ինչու է Էրդողանը հետաքրքրված Ուկրաինայով: Նրա վերլությունը ներկայացնում է Политический калейдоскоп կայքը:

«Ուկրաինան Էրդողանի համար Օսմանյան Բարձր դռան (Օսմանյան կայսրության կառավարության պաշտոնական անվանումը եվրոպական դիվանագիտական փաստաթղթերում՝ խմբ.) նույնպիսի նախկին նահանգն է, ինչպես և Բալկանները, Անդրկովկասը և արաբական աշխարհը: Ի տարբերություն Ղազախստանի, Միջին Ասիայի և Ադրբեջանի՝ այն ամբողջությամբ չի պատկանում «թյուրքական աշխարհին», սակայն ղրիմյան թաթարները բնակվում են նաև Ուկրաինայի սահմաններում, ոչ միայն Ղրիմում: Նույնիսկ ոչ միայն ղրիմյան թաթարները, ինչպես օրինակ՝ Մոլդովայում բնակվող գագաուզները, նրանք մեծ թիվ չեն կազմում, սակայն Էրդողանի համար դա էլ բավական է թուրքական ներկայությունն այնտեղ ամրապնդելու համար»,- մեկնաբանում է փորձագետը:

«Ուկրաինայի համար, որը տենդագին փորձում է գտնել ինչ-որ մեկին, որին հնարավոր կլինի վաճառել այն ամենը, ինչ դեռ այնտեղ վաճառված չէ՝ անմիջապես չհարուցելով ամերիկացիների արգելքը, որոնք դե-ֆակտո վերահսկում են իրեն, Թուրքիան հայտնագործություն է»,- նշում է Սատանովսկին՝ նկատելով, որ Ռուսաստանի հետ համագործակցել արգելում է «վաշինգտոնյան ղեկավարությունը, ինչպես և բրյուսելյանը»: Ըստ մասնագետի՝ նույն իրավիճակն է նաև Չինաստանի հետ համագործակցության պարագայում:

«Թուրքերը, իհարկե, այնքան հարուստ չեն, ինչպես չինացիները, սակայն Ուկրաինան նրանց համար հիանալի շուկա է: Ղրիմի հարցում էլ նրանց մոտ, արդեն որ հարյուրերոդ տարին է, նոստալգիա է: Դոնբասը նրանց չի հետաքրքրում, սակայն մերձազովյան և մերձսևծովյան շրջաններն իրենց պատմականորեն են հետաքրքրում: Դրան գումարած անօդաչուները և Ադրբեջանի կողմից դրանց կիրառման փորձը Ղարաբաղում, որը ոգևորել է Զելենսկիին: Բացի այդ, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն ոչ կարգապահ և Ռուսաստանի հետ դիմակայության քիչ փորձով»,- ընդգծում է Սատանովսկին՝ հավելելով, որ Ուկրաինան կարող է խորհրդային ռազմական տեխնոլոգիաներ փոխանցել Թուրքիային, ինչը նույնպես հետաքրքիր է Էրդողանին