ԱՀԿ-ն կոչ է արել դադարեցնել վայրի կաթնասունների վաճառքը պարենային շուկաներում

15:45 • 13.04.21

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հանդես Է եկել ավանդական պարենային շուկաներում վայրի կաթնասունների վաճառքի դադարեցման օգտին՝ մարդանց վարակի փոխանցման ռիսկերը նվազեցնելու համար: Ապրիլի 13-ին այս հանձնարարականով ԱՀԿ-ն հանդես Է եկել Ժնևում՝ Շրջակա միջավայրի ծրագրի և Կենդանիների առողջության պահպանման հաշխարհային կազմակերպության հետ համատեղ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրանց կողմից հրապարակված ժամանակավոր կանոններում, որոնք վերաբերում են ավանդական պարենային շուկաներում վայրի կաթնասունների վաճառքին, նշված Է, որ «որպես շտապ միջոցներ այլ քայլերի թվում երկրներին հանձնարարված Է դադարեցնել բռնված կենդանի կաթնասունների վաճառքը պարենային շուկաներում»:

«Կենդանիները, առանձնապես վայրի կենդանիները, մարդկանց շրջանում վարակիչ հիվանդությունների բոլոր բռնկումների ավելի քան 70 տոկոսի աղբյուրն են»,- ընդգծել են փորձագետներն՝ ուշադրություն հրավիրելով նաև «նոր հիվանդությունների առաջացման» ռիսկին: Նրանց խոսքով՝ «գոյություն ունի մարդկանց (վարակի) ուղղակի փոխանցման ռիսկ ախտահարված կենդանու թքի, արյան, մեզի, լորձի, կղանքի և մարմնի այլ հեղուկների միջոցով, ինչպես նաև վարակման լրացուցիչ ռիսկ այն վայրերին շփումից, որտեղ կենդանիներին պահում են շուկաներում, և այն առարկաներից ու մակերեսներից, որոնք կարող են ախտահարված լինել վիրուսներով»:

ԱՀԿ-ի փորձագետները, որոնք հունվարին և փետրվարին այցելել Էին Ուհան նոր կորոնավիրուսի աղբյուրի հայտնաբերման համար, չեն կարողացել միանշանակ եզրակացության հանգել դրա առաջացման մասին: Դրա հետ մեկտեղ, ինչպես հետևում է պատվիրակության՝ մարտի 30-ին Ժնևում հրապարակված ամփոփիչ զեկույցից, առաջացման առավել հավանական տարբերակն Է համարվում կորոնավիրուսի փոխանցումը կենդանուց մի այլ կենդանու, իսկ այնուհետև մարդու: