ԵՄ-ն չի երկարաձգի AstraZeneca-ի և Johnson & Johnson-ի հետ կնքված պայմանագրերի ժամկետները. La Stampa
AstraZeneca և Johnson & Johnson ընկերությունների մշակած հակակորոնավիրուսային պատվաստանյութերը չեն գնվի Եվրամիության բնակիչներին պատվաստելու համար՝ դրանց գործող պայմանագրերի ժամկետի ավարտից հետո:
Համապատասխան որոշումն ընդունել է Եվրահանձնաժողովը, գրում է Reuters-ը՝ հղում կատարելով իտալական La Stampa թերթին:
Նշվում է, որ Եվրահանձնաժողովը, համաձայնելով ԵՄ երկրների ղեկավարների հետ, որոշում է կայացրել. պատվաստանյութեր արտադրող ընկերությունների հետ կնքված և արդեն գործող պայմանագրերը սահմանված ժամկետից հետո չեն երկարաձգվի:
Միևնույն ժամանակ, Բրյուսելը մտադիր է կենտրոնանալ Pfizer և Moderna պատվաստանյութերի վրա:
Բացի այդ, ԵՄ խոսնակը Reuters-ին ասել է՝ Եվրահանձնաժողովը J&J ընկերությունից պարզաբանում է պահանջել ԵՄ-ին դեղորայքի մատակարարման հետաձգման մասին «բոլորովին անսպասելի» հայտարարության վերաբերյալ:
Ավելի վաղ եվրոպական կարգավորիչը թրոմբոզը ճանաչել էր որպես AstraZeneca պատվաստանյութի հազվադեպ հանդիպող կողմնակի ազդեցություն: Այս պահին տարբեր երկրներում հայտնի են տասնյակ դեպքեր, երբ պատվաստանյութից հետո մարդիկ հոսպիտալացվել կամ մահացել են:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Johnson & Johnson-ը Եվրոպա էր ուղարկել սեփական արտադրության հակակորոնավիրուսային պատվաստանյութի առաջին խմբաքանակը:










