Թրոմբի առաջացման դեպքերի ֆոնին ԱՄՆ-ն, Հրվ. Աֆրիկան և ԵՄ-ն ժամանակավորապես դադարեցնում են Johnson & Johnson պատվաստանյութի կիրառումը (լուսանկար)

10:41 • 14.04.21

Միացյալ Նահանգները, Հարավային Աֆրիկան և Եվրամիությունը ժամանակավորապես դադարեցնում են կորոնավիրուսի դեմ ամերիկյան Johnson & Johnson ապրանքանիշի պատվաստանյութի կիրառումը, հայտնում է BBC-ն և հավելում, որ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի դեղերի և սննդի վարչությունը հայտնել է արյան թրոմբի առաջացման 6 դեպքի մասին։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ԱՄՆ-ի առողջապահական մարմինները կոչ են անում դադարեցնել Johnson & Johnson պատվաստանյութի օգտագործումը՝ արյան թրոմբի գրանցված դեպքերի ֆոնին։

Սննդի և դեղերի վարչությունը տեղեկացրել է, որ թրոմբի առաջացման 6 դեպք է գրանցվել 6,8 միլիոն չափաբաժին պատվաստանյութի կիրառման սահմաններում: Վարչությունը խորհուրդ է տվել դադարեցնել պատվաստանյութի օգտագործումը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Բոլոր 6 դեպքերը գրանցվել են 18-ից 48 տարեկան կանանց մոտ, իսկ ախտանշանները հայտնվել են պատվաստումից 13 օր անց։

Հիշեցնենք՝ Եվրոպական դեղերի գործակալությունը (EMA) հայտաարել էր, որ կվերանայի Johnson & Johnson ընկերության մշակած հակակորոնավիրուսային պատվաստանյութի հավանական ծանր կողմնակի ազդեցությունների մասին տեղեկատվությունը, նախքան դեղամիջոցի՝ Եվրամիությունում լայնամասշտաբ կիրառումը:

Johnson & Johnson-ը ամերիկյան ընկերություն է, սակայն պատվաստանյութը հիմնականում մշակվել է ընկերության Բելգիայում գտնվող դեղագործական մասնաճյուղի կողմից և հայտնի է նաև որպես Janssen: Ի տարբերություն այլ պատվաստանյութերի` այն ներարկվում է մեկ անգամով և կարող է պահվել սառնարանի սովորական ջերմաստիճանում՝ դյուրացնելով դրա տարածումը ավելի տաք և հեռու տարածաշրջաններում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ վերահսկում է իրավիճակը և սպասում ԱՄՆ-ի և Եվրոպայի կարգավորող մարմինների զեկույցնրին։

Պատվաստանյութի կիրառումը Եվրոպայի տարածքում կասեցվել է մեկ օր առաջ, հետևաբար եվրոպացի մասնագետներն ուսումնասիրության համար մեկնելու են Միացյալ Նահանգներ։

Ամերիկյան Johnson & Johnson ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ անվտանգությունն իր «թիվ մեկ առաջնահերթությունն է», և որ առողջապահական մարմինների հետ կիսվում են «բոլոր իրադարձությունների հաշվետվություններով»: Հայտարարության մեջ նաև նշված է, որ ընկերությունը տեղյակ է թրոմբի առաջացման դեպքերից, սակայն պատվաստանյութի և դեպքերի միջև կապը դեռևս չի հաստատվել։