Մուրադովը, զինվորական լինելով, նման հայտարարություն անելու իրավունք չուներ, զինվորականը պետք է որոշակի սահմաններ ունենա և չանցնի դրանք․ Անդրանիկ Քոչարյան
Ես ուղղակիորեն վերլուծել եմ իրավիճակն ու Մուրադովի հայարարությունը և ինձ մոտ հարցեր էին առաջացել՝ ինչո՞ւ է Մուրադովը գնացել և դատարկ ետ եկել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով գերիների հարցին:
«Մուրադովը հո էնպես չի ուղղակի նստել ինքնաթիռ, գնացել շրջապտույտ անի, հետ գա, եթե դա համապատասխանում է իրողությանը, բայց տեսաք, որ օրվա մեջ այդ տեղեկատվությունը մի քանի անգամ փոխվեց, և եթե ելնենք այն իրողությունից, որ իրականում Մուրադովը գնացել է, և դա համընկավ նաև Փաշինյանի Մոսկովյան այցի հետ՝ այնպիսի տպավորություն էր, որ գերիների հարցը ինչ-որ կերպ ստանում է լուծում, բայց դա իրողությանը չէր համապատասխանում»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Նա նաև անդրադարձավ Մուրադովի հայտարարությանը, որտեղ նա ասում է՝ գերիների մասին պայմանավորվածություններ չեն եղել և իշխանությունները փորձում են մանիպուլացնել ժողովրդին:
«Ես կարծում եմ, որ Մուրադովը, զինվորական լինելով, իրավունք չուներ նման հայտարարություն անելու, և զինվորականը իր հայտարարությունների մեջ պետք է որոշակի սահմաններ ունենա և դրանք չանցնի, իսկ հանրությունը պետք է վստահի իր իշխանությանը»,- նշեց նա:
Քոչարյանը նշեց՝ գերիների հարցը պետք է դուրս գա քննարկումների դաշտից:
«Գերիների հարցը պետք է դուրս գա շահարկումների դաշտից, ինչքան շուտ դուրս գա, էդքան շուտ կլուծվի այդ հարցը, իսկ այդ պուրակը հիմնելով՝ Ալիևը մեզ նվեր արեց, որովհետև հիմք է դրել մեր հետագա հաղթանակներին, որովհետև քո մոտ էլ առաջացավ նրան հակադրվելու գործընթաց սկսել»,- նշեց նա:










