Իմ երկու խորհրդականներն էլ պատերազմի ընթացում խոհուրդ են տվել Զինված ուժերում իրականացնել շատ կտրուկ պաշտոնանկություններ. Նիկոլ Փաշինյան
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը մեջբերեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ օգոստոսի 21-ին գլխավոր շտաբի պետը սխալ ինֆորմացիա է տվել, սխալ բան է զեկուցել:
«Դուք այն ժամանակ երկու խորհրդական ունեիք, երկուսն էլ անվտանգության ոլորտի բավականին փորձով, իրենց հետ քննարկվե՞լ է գլխավոր շտաբի զեկույցը, և ի՞նչ են խոհուրդ տվել, թողե՞լ են, որ ձեզ խաբեն, թե՞ իրենք էլ են աջակցել գլխավոր շտաբի պետի զեկույցին»,-հարցրեց պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, ասաց, որ այդ թեմայով քննարկումներ ունեցել են և այդ ժամանակ իր խորհրդական և ներկայիս պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությանը արտահայտել է իր դիրքորոշումները, որոնք գաղտնագրված տեղեկություններ են և կքննարկեն նպատակահարմարությունը նաև այդ տեղեկատվությունը գաղտնազերծելու, և եթե տեսնեն, որ դրանից պետական շահերը չեն տուժում, կներկայացվի:
Գևորգ Գորգիսյանը նկատեց, որ իր խորհրդականներից մեկը պաշտպանության նախարարն է, մյուսը վերջերս նշանակվեց գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը: «Հետաքրքիր է իմանալ, թե ինչ խորհուրդներ են տվել և եթե իրենք սխալ զեկույցի կողմնակից են եղել, ապա ինչու են նշանակվել այս կարևոր պաշտոններին, եթե նրանք դեմ են արտահայտվել, ապա ինչու դուք չեք լսել ձեր խորհրդականներին: Այստեղ երկու տարբերակ կա, կամ ձեր խորհրդականները թույլ են տվել, որ ձեզ խաբեն, կամ ձեր խորհրդականները խորհուրդ են տվել և դուք չեք լսել ու գնացել եք արկածախնդրության»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երկու խորհրդականներն էլ պատերազմի ընթացում խորհուրդ են տվել Զինված ուժերում իրականացնել շատ կտրուկ պաշտոնանկություններ: «Ես չեմ կարող ասել ,որ ափսոսում եմ, որ չեմ հետևել իրենց խորհրդին, քանի որ պատերազմական այդ իրավիճակում կտրուկ պաշտոնանկություններ անելն արդյոք կփոխեր իրավիճակը: Ես վստահ չեմ, որ նոր նշանակված պաշտոնյաները այդ խելահեղ իրավիճակում կհասցնեին իրավիճակն առնել տիրապետության տակ: Ես չեմ կարող ասել, որ զղջում եմ, քանի որ գրեթե վստահ եմ, որ դա կարելի էր անել, բայց նոր նշանակվածները ուղղակի կհայտնվեին մի հեղեղի մեջ, որին, մեծ հավանականությամբ, չէին տիրապետի»,-ասաց նա:










