Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց պատգամավորի հարցին՝ արդյո՞ք եղել է պայմանավորվածություն, որ ապրիլի 8-ին պետք է գերիները վերադառնան

18:02 • 14.04.21

Ապրիլի 8-ին բոլորս սպասում էինք, որ Ադրբեջանը պետք է ուղարկի մեր ռազմագերիներին, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգանը հաստատել է այդ լուրը, որ ապրիլի 8-ին նախատեսված է եղել հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան, իսկ այդ օրը «Ազատություն» ռադիոկայանը և Հանրային Հեռուստաընկերությունը ուղիղ եթեր էին տալիս օդանավակայանից, որից հետո բազմաթիվ հակասական կարծիքներ հնչեցին գործող իշխանության անդամների կողմից, ի վերջո արդյոք այդ օրվա հետ կապված եղե՞լ են պայմանավորվածություններ Ադրբեջանի հետ, թե ոչ: Այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

«Մեր գրավոր պայմանավորվածությունը, որ գերիները պետք է վերադարձվեն ուժի մեջ է: Չկա մի օր, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները չզբաղվեն գերիների, անհետ կորածների և զոհված զինվորների հարցերով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Որպես արձագանք Անի Սամսոնյանը նշեց՝ իր հարցը կայանում էր այլ թեմայի շրջանակներում, թե արդյո՞ք եղել է պայմանավորվածություններ և ի վերջո ով է պատասխանատու այդ հայտարարությունների համար:

«Այդ իրավիճակի համար պատասխանատվություն է կրելու Ադրբեջանի նախագահը, ով ստանձնել է կոնկրետ պարտավորություններ միջազգային հանրության առաջ և չի կատարում իր պարտականությունները»,- նշեց Փաշինյանը։