Եկել այստեղ, խոսում եք Հայաստանի ապագայից, ի՞նչ ապագայի մասին ենք խոսում, երբ Դուք այդ ապագայի վրա մի մեծ գերեզմանաքար եք դրել. Անի Սամսոնյանը՝  Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

13:21 • 14.04.21

Դուք փորձել եք զրոյական կետից սկսել բանակցությունները, գիտեիք, որ նախապատերազմական վիճակում է երկիրը, բայց Ձեր, Ձեր իշխանական խմբակցության, կառավարության անդամների վարքագիծը չի համապատասխանել պատերազմի շեմին կանգնած ղեկավարի վարքագծին: Այս մասին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Դուք երեք տարի այստեղ հանդես եք եկել պոպուլիստական բարեփոխումների մասին հայտարարություններով, որևէ հիմնարար բարեփոխում չի եղել, և մենք փաստորեն երեք տարի պատերազմի շեմին այստեղ չգիտեմ ինչով ենք զբաղվել, Դուք նախկինների հետ եք թուր ու թվանք տվել, կռվել, տուն-տունիկ խաղացել»,-ասաց պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով նշեց, որ նիստի այս հատվածը կոչվում է հարց ու պատասխան: «Հայոց լեզվի քերականական կանոնների համաձայն՝ հարց է կոչվում այն նախադասություն, որի մեջ կա հարցական նշանով ձևակերպում: Քանի որ Ձեր խոսքում ոչ մի հարց չկա, ելույթ ունեցաք, Ձեր իրավունքն է, ես հարկ չեմ համարում արձագանքել Ձեր ելույթին»,-ասաց նա:

Անի Սամսոնյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը նպատակադրված ոչ մի հարցի չի պատասխանելու, բայց, ըստ նրա, հարցն այն է, թե ինչ է արել նա, որ մարդիկ չկանգնեին այդ խնդիրների առաջ: «Փաստորեն՝ խաղաղասիրություն եք քարոզել, բթացրել եք մեր զգոնությունը, բայց մենք պատերազմի առջև՞ էինք:  Դուք ոչ մի բան չեք արել, բայց եկել, այստեղ խոսում եք Հայաստանի ապագայից, ի՞նչ ապագայի մասին ենք այստեղ խոսում, երբ Դուք այդ ապագայի վրա մի հատ մեծ գերեզմանաքար եք դրել»,-ասաց նա:

Անի Սամսոնյանը, անդրադառնալով հետախուզական արբանյակներին, Փաշինյանին ասաց, որ նրան տեղյակ են պահել, որ դա անհրաժեշտ է, իսկ ԲՏԱ նախարարն ասել է՝ մեզ պետք չէ:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բարձրաձայնած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և Հայաստանը զբաղվում է արբանյակ ունենալու գործով և շարունակում է զբաղվել: «Դա երեք օրվա գործ չէ, բարդ գործ է, քանի որ մենք ուզում ենք, որ արբանյակ ունենանք, իսկ տասնյակ ուժեր ուզում են, որ չունենանք, էլ չեմ ասում, որ բազմաթիվ հարցեր պետք է լուծենք»,-ասաց նա: