Գերության մեջ գտնվող զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել Շիրակի մարզպետարանի շենքը

11:11 • 14.04.21

Շիրակի մարզպետարանի արական սեռի աշխատակիցները ողջ գիշեր մնացել են մարզպետարանի շենքում, քանի որ գերության մեջ գտնվող զինվորների հարազատները շարունակում են փակ պահել շենքը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի լրատվական բաժնի ներկայացուցիչ Արաքս Կիրակոսյանը:

«Ես անձամբ երեկոյան եկել եմ տուն և այս պահին ևս գտնվում եմ տանը, ասել, որ մարզպետարանի մուտքուելքը փակ է, մի փոքր ճիշտ չէ, բայց կարող եմ հավաստիացնել՝ մարզպետը և մարզպետարանի արական սեռի աշխատակիցները ողջ գիշեր եղել են այնտեղ և փորձել են բանակցություններ վարել գերության մեջ գտնվողների հարազատների հետ»,- ասաց Արաքս Կիրակոսյանը:

Մարզպետարանի ընդունարանի աշխատակիցները տեղեկացրին, որ իրավիճակը շարունակում է մնալ անորոշ, իսկ առավոտյան ժամերի դրությամբ մարզպետարանի շենքը դեռ շարունակում է  փակ մնալ:

Գերիների հարազատների պահանջը մեկն է՝ հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ և իրենց՝ գերության մեջ գտնվող զինվորների վերադարձը: