ԱՄՆ-ում գործող հույն-ամերիկյան և հայ-ամերիկյան կազմակերպությունները լոբբինգ են սկսել SpaceX-ի կողմից թուրքական արբանյակի սպասվելիք արձակման դեմ

16:29 • 14.04.21

Միացյալ Նահանգներում գործող հույն-ամերիկյան և հայ-ամերիկյան կազմակերպությունները լոբբինգ են իրականացնում ԱՄՆ-ի իշխանությունների նկատմամբ, որպեսզի վերջիններս արգելափակեն թուրքական հեռահաղորդակցային արբանյակը SpaceX-ի միջոցով ուղեծիր արձակելու ծրագիրը, հայտնում է Ahval-ը։

SpaceX-ը նախատեսում է հունիսին Falcon 9 Block 5 հրթիռակրի միջոցով ուղեծիր արձակել Türksat 5B արբանյակը։ Ավելի վաղ՝ հունվարին, ուղեծիր էր արձակվել Türksat 5A կապի արբանյակը՝ Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանի կայանից։

Հունական The Hellenic American Leadership Council-ն ու Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ծրագրի վրա արգելքի սահմանման հարցով գրավոր դիմում են ներկայացրել ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությանը` պատճառաբանելով, որ կապի արբանյակը վտանգավոր ռազմական կիրառություններ ունի:

«ԱՄՆ-ի հետաքրքրությունների և դաշնակիցների նկատմամբ Թուրքիայի բացահայտ թշնամանքի ֆոնին Դաշնային ավիացիոն վարչությանը կոչ ենք անում մերժել Türksat 5B  արբանյակի ուղեծիր արձակման դիմումը և և մերժել ապագա արտոնագրերի հայցերը, որոնք նպաստում են Թուրքիայի հարձակողական ռազմական կարողություններին», - գրված է կազմակերպությունների կողմից Դաշնային ավիացիոն վարչությանն ուղղված նամակում։

Türksat ընկերության գլխավոր տնօրեն Հասան Հուսեյն Էրթոքն անցյալ տարի ասել էր, որ երկու նոր արբանյակները «էապես բարձրացնելու են» Թուրքիայի զինված ուժերի հաղորդակցական կարողությունները:

Նամակում նշվում է, որ արբանյակային կապը կարող է ընդլայնել թուրքական անօդաչու թռչող սարքերի շարժակազմի գործունեության տիրույթը: Դրանում նաև նշվում է. որ թուրքական անօդաչու թռչող սարքերը օգտագործվել են «Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության» դեմ, և Թուրքիան «սպառնացել է դրանք օգտագործել Հունաստանի և Կիպրոսի դեմ»:

Թուրքիան անօդաչու թռչող սարքեր է օգտագործել նաև Սիրիայում, Հյուսիսային Իրաքում և Լիբիայում, ինչպես նաև Թուրքիայի քուրդ զինյալների նկատմամբ։ Այս ամենի մասին, սակայն, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը հրաժարվել է մեկնաբանություն տալ։

Նամակում նաև նշված է, որ «Պատժամիջոցների միջոցով ամերիկացի հակառակորդներին հակահարված տալու մասին» օրենքի համաձայն` Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը ենթակա է պատժամիջոցների։