Թրամփը «ծաղրել» է Միշել Օբամայի արտաքինը, իսկ նրա ամուսնուն դիմել «Հուսեյն» անունով. The Washington Post
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը օրերս Փալմ Բիչում Հանրապետական կուսակցության դրամահավաքի ժամանակ «ծաղրել» է նախկին առաջին տիկին Միշել Օբամային, իսկ նրա ամուսնուն՝ երկրի 44-րդ նախագահ Բարաք Օբամային, անվանել է իր երկրորդ անունով՝ «Հուսեյն»՝ ակնհատորեն հղում կատարելով Իրաքի նախկին առաջնորդ, բռնապետ Սադամ Հուսեյնին։
The Washington Post-ի տրամադրության տակ հայտնված Թրամփի ելույթի ձայնագրություններում լսվում է՝ ինչպես են ընթրիքի հանրապետական հյուրերը «բարձրաձայն ծիծաղում» վերջինիս խոսքերի վրա։
Թրամփը, խոսելով Օբամաների մասին, ասել է՝ «Բարաք Հուսեյն Օբաման և շատ գեղեցիկ Միշել Օբաման», և, ինչպես նշում է թերթը, իր խոսքն ավարտին չհասցրած՝ առաջացրել է ներկաների ծիծաղը։
Թերթի հաղորդմամբ՝ հանրապետականները ծիծաղել են Օբամային նկարագրելիս «գեղեցիկ» ածականի օգտագործման համար։
Բացի այդ, The Washington Post-ը հաղորդում է, որ Թրամփը, որը մոտ մեկ ժամ ելույթ է ունեցել կուսակցական դրամահավաքի ժամանակ, ասել է, որ «COVID-19 պատվաստանյութը պետք է անվանվի իր պատվին, խոսել է նոյեմբերյան «կեղծված» ընտրությունների մասին, ինչպես նաև նախկին փոխնախագահ Մայք Փենսին մեղադրել բավարար խիզախություն չունենալու համար»։










