Թուրքիայի քրիստոնյա փոքրամասնությունները տառապում են աճող հալածանքներից. փորձագետներ

17:04 • 14.04.21

«Հադսոն» հետազոտական ինստիտուտի խորհրդի անդամ Լելա Գիլբերթն ասել է, որ Թուրքիայի քրիստոնյա փոքրամասնությունները տառապում են աճող հալածանքներից, քանի որ կառավարությունն ավելի ռեպրեսիվ է դառնում, հայտնում է Ahval-ը։

Ըստ վերլուծաբանի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի վերածելն այս նոր մթնոլորտի ամենավառ ապացույցն է, որի շրջանակում կառավարությունը թիրախավորում է ոչ մուսուլման կրոնական փոքրամասնություններին։

Նա ուշադրություն է հրավիրել հատկապես վերջին տարիներին Սիրիայից և Իրաքից եկած քրիստոնյա փախստականների ծանր վիճակին, որոնք փորձում են լուծել իրենց աշխատանքի խնդիրը, թուրքերեն սովորել և իրենց հավատը դավանելու հնարավորություն ունենալ։

«Թուրքիայում քրիստոնյա փախստականների նկատմամբ արհամարանք կա։ Նրանց ուղարկել են հեռավոր վայրեր, որտեղ եկեղեցիներ չկան։ Քրիստոնյա տղամարդիկ չեն կարողանում օրինական ճանապարհով աշխատանք գտնել, մինչդեռ լեզվական և կրոնական հարցերը խանգարում են կանանց և երեխաներին, որոնք ցանկանում են աշխատել կամ դպրոց հաճախել», - ասել է վերլուծաբան Լելա Գիլբերթը։

Թուրքիայում քրիստոնյաները հաճախ դիտվում են որպես ներքին անվտանգության սպառնալիք՝ անկախ նրանից`  նրանք օտարերկրացիներ են, թե տարիներ շարունակ բնակվում են Թուրքիայում։ Բազմաթիվ օտարերկրացիներ, որոնք  տարիներ շարունակ բնակվել են Թուրքիայում, չեն կարողանում արտերկրից այդ երկիր վերադառնալ՝ իրենց անձնագրերի N82 պիտակավորման պատճառով։

Պիտակավորումն արվում է այն մարդկանց համար, որոնք սպառնալիք են ներկայացնում թուրքական պետությանը, սակայն հայտնի չէ, թե այդ սպառնալիքն ինչպես է որոշվում և այս որոշումը բողոքարկելու համար առկա իրավական միջոցները չնչին են։

Վաշինգտոնում «Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամ»-ի Թուրքիայի ծրագրի ավագ տնօրեն դոկտոր Այքան Էրդեմիրը բացատրել է, որ մասնավորապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հռետորաբանությունն է ազդեցություն թողել թուրք քրիստոնյաների նկատմամբ վերաբերմունքի բևեռացման վրա: