ԱՀԿ-ն կոչ է անում «իրականության ստուգում» անցկացնել՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի ֆոնին  

10:58 • 14.04.21

 

Առողջության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է, որ աշխարհը պետք է «իրականության ստուգում» իրականացնի համավարակի ֆոնին:

Ինչպես փոխանցում է CNN-ը ԱՀԿ-ի մտահոգության պատճառ է դարձել այն հանգամանքը, որ մի շարք երկրներում սահմանափակումները մեղմացվել են, թեև 4 շաբաթ անընդմեջ կորոնավիրուսով պայմանավորված մահերի, ինչպես նաև 7 շաբաթ անընդմեջ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելանում է ողջ աշխարհում:

Այս տվյալները հայտնել է ԱՀԿ տեխնիկական հարցերով ղեկավար Մարիա վան Կերխովեն՝ նշելով, որ անցյալ շաբաթ ողջ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4.4 մլն դեպք:

«Սա այն իրավիճակը չէ, որում ցանկանում էինք հայտնվել համավարակի 16 ամսվա արդյունքում՝ պահպանելով վերահսկման միջոցները: Սա ճիշտ պահն է, երբ բոլորը պետք է իրականության ստուգում անցկացնեն՝ պարզելու, թե ինչ պետք է անենք»,- ասել է մասնագետը:

ԱՀԿ գլխավոր քարտուղար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսի տվյալներով՝ Ասիայի և Միջին Արևելքի մի շարք երկրներում վարակման դեպքերի կտրուկ աճ է գրանցվել: Նրա խոսքով՝ վարակման դեպքերը շատանում են, թեև մինչ օրս ավելի քան 780 մլն չափաբաժին պատվաստանյութ է կիրառվել ողջ աշխարհում: Վերջինս նշել է, որ կենսական անհրաժեշտություն հանդիսացող պատվաստանյութերը, այնուամենայնիվ, հաճախ հասանելի չեն:  

Ողջ աշխարհում կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկրներն են ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Իտալիան: Մահացության ցուցանիշով առաջատարներն են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Մեքսիկան, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան: