ԵԱՏՄ երկրները քննարկում են Ադրբեջանի մասնակցությունը կառույցի միջկառավարական խորհրդի նիստին. РБК
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները քննարկում են Կազանում ապրիլի 29-30-ը կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ադրբեջանական պատվիրակության հավանական մասնակցության հարցը: Այս մասին հաղորդում է РБК-ն՝ հղում անելով ՌԴ-ի և Հայաստանի, ինչպես նաև կազմակերպության երեք դիվանագիտական աղբյուրներին:
Բաքուն կկարողանա իր ներկայացուցիչներին ուղարկել Կազան, եթե Երևանը համաձայնի դրան:
«Եվ որպեսզի դա տեղի ունենա, Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք դեռ 5 ամիս առաջ պատերազմական իրավիճակում էին գտնվում, պետք է մի շարք տարաձայնություններ հաղթահարեն, մասնավորապես՝ պետք է լուծվի հայ ռազմագերիների վերադարձի հարցը», - գործակալության հետ զրույցում ասել է հայկական կողմի ներկայացուցիչը:
«Իսկապես, եղել է նման միտք (Բաքվին հրավիրելու): Մենք ոչ թե սկզբունքորեն դեմ ենք, այլ մենք ասում ենք, որ կան չլուծված հարցեր, այդ թվում՝ ռազմագերիների հարցը»,- ասել է հայ դիվանագետը:
«Պատկերացնել, որ երկու շաբաթում կլուծվեն այն խնդիրները, որոնք առկա են այսօր երկրների միջև, իմ կարծիքով՝ անհնար է, քանի որ տարաձայնությունները շատ խորն են»,- գործակալության հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Բաքուն ավելի վաղ հայտարարել է, որ ընդհանուր եվրասիական տարածքի գաղափարը համապատասխանում է իր տնտեսական շահերին:
ԵԱՏՄ-ում հիմնական մասնակիցներից (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան և Ռուսաստան) բացի ընդգրկված են նաև դիտորդ երկրներ՝ Մոլդովան, Ուզբեկստանը, Կուբան: Ազատ առևտրի մասին համաձայնագրեր են կնքվել ևս մի քանի երկրի՝ Իրանի, Սերբիայի և Վիետնամի հետ:










