Ո՞նց եք եկել այդտեղ նստել, որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք, ես Ձեր հարցերին չեմ պատասխանում. Նիկոլ Փաշինյանը՝ նախկին իմքայլական Գոռ Գևորգյանին (տեսանյութ)

12:40 • 14.04.21

Որպես հետպատերամզական երկրի խորհրդարանի պատգամավոր՝ ես ամաչում եմ հնչեցված ծափահարությունների համար, քանի որ ունենք հազարավոր զոհեր, գերեվարված, չվերադարձած հայրենակիցներ: Այս մասին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանը:

«Դուք, որպես վարչապետ, պետք է փորձեիք գոնե Ձեր թիմակիցներին սաստել»,-ասաց Գոռ Գևորգյանը և հետաքրքրվեց, թե Նիկոլ Փաշինյանը երբ հասկացավ, որ մեր բանակը ի վիճակի չէ թուրքադրբեջանական զորքերի դեմ կռիվը շարունակել:

Արձագանքելով՝ Նիկոլ  Փաշինյանը նշեց, որ եթե ինքն ամաչում է, որ ՀՀ խորհրդարանական մեծամասնությունը հավատում է Հայաստանի, Արցախի ապագային, դա իր պրոբլեմն է: «Ձեր շուրթերից ձեր թիմակիցներ արտահայտությունը շատ խորհրդանշական է հնչում, էդ ոնց եք եկել, էդտեղ նստել ընդհանրապես, էդ որտեղից եք եկել, ով եք, ես Ձեր հարցերին չեմ պատասխանում, հարկ չեմ համարում: Եթե դուք ասում եք՝ «Ձեր թիմը», այդտեղ նստած հարց տալու իրավունքը չունեք, ես Ձեր հարցերին չեմ պատասխանում»-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք ծափահարում են բոլոր այն մարդկանց, ովքեր հավատում են Հայաստանի, Արցախի ապագային: «Եվ մենք ծնկաչոք ենք հիշատակում մեր նահատակներին, Ձեր էժան գործելակերպը դադարեցրեք, մի հատ հիշեք՝ որտեղից եք եկել, ոնց եք եկել, մի հատ արագ Ձեզ ինքնահայեցման ենթարկեք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Գոռ Գևորգյանը եղել է «Իմ քայլը» խմբակցությունից, իսկ պատերազմից հետո դուրս է եկել: