Կասկածներ ունեմ, որ Ադրբեջանն ապակառուցողական դիրքորոշում կորդեգրի՝ ՀՀ կոմունիկացիոն ապաշրջափակումը թույլ չտալու համար․ այստեղ մենք լուրջ ենք տրամադրված և պատրաստ ենք գնալ առաջ․ Փաշինյան
ՀՀ-ն՝ որպես պղնձի, հանքանյութի պաշարներով հարուստ երկիր, հետաքրքրություն է առաջացնում բոլոր այն երկրների, ներդրողների համար, որոնք ցանկանում են այդ ոլորտում ներդրումներ անել։ Մեր քննարկումները հանգեցնում են եզրակացությանը, որ կոմունիկացիաներն այս հարցում կարևոր են։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի՝ ՀՀ-ում նոր և գերժամանակակից պղնձաձուլարանի կառուցման հնարավորության վերաբերյալ հարցին։
«Ճիշտ է՝ կա նաև Վրաստանի միջոցով ծովային փոխադրումներ իրականացնելու հնարավորություն, երկաթուղի, ծովային փոխադրումներ, բայց պղնձի ձուլման արտադրությունն ունի առանձնահատկություններ, որոնք շատ էական են դարձնում երկաթուղու գոյությունը»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ժամանակակից պղնձաձուլարանի հիմնումը, ատոմակայանի կառուցումը, երկաթուղու բացումը դիտարկում է նույն շղթայի տարբեր օղակներում։
«Այսինքն՝ հիմնարար գործոնը երկաթուղային հաղորդակցության բացումն է դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն։ Եթե սա մենք ունենաք, վստահաբար, կունենանք պղնձաձուլարան և շատ մեծ տնտեսական հիմնավորում՝ նոր ատոմակայանի կառուցման տնտեսական էֆեկտը հիմնավորելու համար»,-ասաց նա՝ նշելով նաև, թե այսօր մեր էներգետիկ կարաղություններն ավելին են, քան ներքին պահանջարկը։
«Ես մեծ կասկածներ ունեմ, որ Ադրբեջանն ապակառուցողական դիրքորոշում կորդեգրի՝ ՀՀ կոմունիկացիոն ապաշրջափակումը թույլ չտալու համար։ Այստեղ մենք տրամադրված ենք լուրջ և պատրաստ ենք գնալ առաջ, որ ՀՀ շրջափակումն ի վերջո հաղթահարենք»,-ասաց նա։










