Շվեդիայում ՌԴ դեսպանին կանչել են ԱԳՆ՝ կապված Սպորտի ֆեդերացիայի դեմ իրականացված կիբեռհարձակումների հետ
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանին հրավիրել են թագավորության ԱԳՆ՝ կապված 2017 թվականի դեկտեմբերից մինչև 2018 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում Շվեդիայի Սպորտի ֆեդերացիայի դեմ իբրև ՌԴ-ի կողմից իրականացված կիբեռհարձակումների հետ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի ԱԳ նախարար Ան Լինդեն:
«Շվեդիայի սպորտի ֆեդերացիայի նկատմամբ տվյալների գաղտնիության անթույլատրելի լուրջ խախտումներ են եղել, որոնք խախտում են գոյություն ունեցող նորմերը: Ռուսաստանի դեսպանին կանչել են ԱԳՆ` պարզաբանումների համար»,- ասվում է նախարարի թվիթերյան հաղորդագրության մեջ:
Շվեդիայի դատախազությունը երեքշաբթի հայտարարել է, որ փակել է ՌԴ-ի կողմից իրականացված կիբեռհարձակումների մասին նախաքննությունը՝ պայմանավորված արտասահմանում դատական հետապնդում կամ թագավորությունից արտահանձնում անելու համար պայմանների բացակայությամբ: Դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ հարձակումների հետևանքով տեղի է ունեցել դանության տվյալների, այդ թվում՝ շվեդ մարզիկների անձնական տեղեկությունների, մասնավորապես՝ բժշկական տվյալների արտահոսք:
Մոսկվան վճռականորեն հերքել է նման մեղադրանքները:










