Պատերազմի ժամանակ թշնամին նաև թիրախավորում էր շտապօգնության մեքենաները, պարկը համալրվում է և մինչև օրս, դեռևս ժամանում են նվեր տրված մեքենաները. Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)

15:54 • 15.04.21

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն այսօր Ազգային ժողովում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե հատկապես Սյունիքում գյուղական ամբուլատորները երբ կստանան ավտոմեքենաներ:

Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում Կառավարության կողմից են ձեռք բերվել շտապօգնության լրացուցիչ մեքենաներ։

«Պատերազմի ընթացքում մեր շտապօգնության մեքենաները 24 ժամ անընդհատ ճանապարհներին էին, ունեինք նաև վնասված շտապօգնության մեքենաներ: Ցավալի է, սակայն մեր թշնամին նաև թիրախավորում էր Շտապօգնության մեքենաները: Եվ շատ արագ որոշում կայացվեց, որ մեր շտապօգնության մեքենաների պարկը պետք է համալրվի: Մենք կառավարության կողմից տրամադրված ֆինանսական միջոցներով ձեռք բերեցինք ավտոմեքենաներ, բացի դրանից՝ մեր Սփյուռքի կողմից ստացանք բավականին աջակցություն: Եվ մինչև օրս դեռևս ժամանում են շտապօգնության նվեր տրված մեքենաները: Մեր պարկը բավականին համալրվել է»,-ասաց նա:

Ի դեպ, նա հայտնեց, որ Սյունիք կատարած իր այցի ընթացքում բարձրացվել է հարցը, որ որոշ մեքենաներ վնասվել են: «Եվ մենք միանշանակ դիտարկում ենք նրանց մեքենաների պարկը թարմացնելու հարցը: Բայց պետք է շատ ուշադիր լինել, որովհետև տրամադրելով շտապօգնության մեքենա՝ պետք է նաև ճիշտ հաշվարկել դրա պահպանման հարցերը, որ դա ոչ թե բեռ լինի տվյալ ամբուլատորիայի վրա, այլ ծառայի իր նպատակներին»,-ասաց նա: