Նարեկ Սամսոնյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստը հետաձգվել է, Փաշինյանի անվտանգության պետի տեղակալը գրավոր զգուշացրել է, որ իրեն այլևս չկանչեն դատարան․ Ռուբեն Մելիքյան

16:20 • 15.04.21

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի է ունեցել հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մաս) «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստը:

Այսօր Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ վկաների բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվել է, և Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետի տեղակալը ոչ միայն որպես վկա չի ներկայացել դատական նիստին, այլ նաև գրավոր  դատարանին զգուշացրել, որ իրեն այլևս չկանչեն դատարան:

«Սա անհարգալից վերաբերմունք է և անընդունելի մոտեցում դատարանի նկատմամբ, և ես հորդորեցի նրան բերման ենթարկել, բայց դատարանը մերժեց այդ միջնորդությունը, և, այնուհանդերձ, մյուս դատական նիստը հետաձգեց մինչև հունիսի 2-ը, և հերթական անգամ ծանուցեց բացակա վկաներին»,- ասաց Ռուբեն Մելիքյանը: