Լրատվամիջոցների հանդեպ ճնշումներն ինտենսիվանում են. Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)

20:29 • 15.04.21

Հրել, բղավել, վիրավորել, ճնշել, հարվածել բռունցքով, ձվով, հանդիմանել. այս բայերի շարքը կարելի է անվերջ շարունակել, թե էլ ինչ են արել իշխանության ներկայացուցիչները լրատվամիջոցների հարցերին չպատասխանելու փոխարեն:

Լրագրողը բարձրախոս կամ ձայնագրման որևէ այլ սարք բռնող չէ, լրագրողը հանրությանը տեղեկություն հաղորդելու պարտականություն ունի՝ մասնագիտական հոտառության շնորհիվ մի շարք խնդրահարույց հարցեր ջրի երես հանելով: Սա պարզ կանոն է, և կարելի է գտնել ժուռնալիստիկայի դասագրքերում. պնդել, որ զրուցակիցը հարցին պատասխանի և թույլ չտալ շեղել ուշադրությունը բուն թեմայից՝ պրֆեսիոնալիզմի դրևսորում է. սա նույնպես լրագրության չգրված օրենքներից է, մինչդեռ գործող իշխանությունը փորձում է ամեն գնով ճնշել այն լրագրողներին, որոնք իրենց սրտով հարցեր չեն տալիս:

ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի խոսքով իշխանափոխությունից հետո 3 տարի շարունակ լրատվամիջոցների աշխատակցիները բազմաթիվ հարձակումների են ենթարկվում, ընդ որում՝ դա արվում է անթաքույց իշխանության ներկայացուցիչների և Նիկոլ Փաշինյանի կողմից, իսկ վարչապետի թիմը հետևում է իր ղեկավարի բոլոր ցուցումներին:

2020 թվականի հունիսին Ազգային ժողովի  Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բանակի մասին հարցազրույցի ընթացքում հիշատակել էր լրագրող Անի Գևորգյանի երեխային: Իսկ օրեր առաջ իշխանության համակիրներից մեկը նույն տրամաբանությամբ տարածել էր լրագրողի մանկահասակ երեխայի լուսանկարը՝ վիրավորական մեկնաբանություն թողնելով. «Սա լկտիության և բարոյականության սահմաններն անցած իշխանությունների պահվածք է, ամենաթողություն, իրենք վստահ են, որ որևէ գործընթաց չի լինելու, որևէ մեկը չի պատժվելու»,- այս համոզմունքն ունի Սաթիկ Սեյրանյանը, որի կարծիքով այս ամենն անպատժելիության հետևանք է: Tert.am-ի հետ զրույցում նա նաև հիշում է միջադեպը, երբ մեկ տարի առաջ ձվերով հարվածել էին «Հայելի» ակումբի պատերին, բայց որևէ մեկը այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց:

Լրագրողների հանդեպ ճնշումները ժուռնալիստների միության նախագահը բացատրում է հանգամանքով, որ իշխանությունները և անձամբ Նիկոլ Փաշինյանը խուճապի մեջ են: Վերջինիս ելույթներից ակնհայտ երևում է այդ փաստը: Սաթիկ Սեյրանյանի խոսքով, հատկապես, մարզային այցերի ընթացքում՝ վարչապետ Փաշինյանը համոզվում է, որ չունի այլևս այն վստահությունը, և հասարակությունը կարողացել է շատ բան հասկանալ:

Մանրամասները՝ տեսանյութում: