Եթե պատերազմում վիրավորվածը 3 օրվա փոխարեն 2 օր է ստացիոնար բուժում ստացել և նորից գնացել առաջնագիծ, 500 000 աջակցությունից չի օգտվում․ հայրենասիրությունը ստորադասվում է․ պատգամավորը՝ փոխվարչապետին
Պատերազմում վիրավորված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու հարցում կան մի շարք խնդիրներ։ Այս մասին ԱԺ նիստի ընթացքում դիմելով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։
«Քաղաքացին պատերազմում վիրավորում է ստացել, երկու օր ստացիոնար բուժվել է, հայրենասիրությունից դրդված՝ չի շարունակել բուժումը և մեկնել ռազմաճակատ։ Ինչ-որ չափանիշ է սահմանված, որ 3 և ավելի օր ստացիոնար բուժում ստացողները աջակցություններից օգտվում են, իսկ այն քաղաքացիները, որոնք չեն սպասել բուժման ավարտին, դուրս են մնում ծրագրերից։ Ստացվում է՝ հայրենասիրությունը ստորադասվում է ինչ-որ առումներով։ Խնդում եմ այլ մեխանիզմներ մշակել, որ այդ քաղաքացիները նույնպես կարողանան օգտվել 500 հազար դրամի աջակցությունից»,-ներկայացրեց պատգամավորը։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հորդորեց նման ցանկացած դեպքի վերաբերյալ տեղեկացնել Կառավարությանը։
«Բարդ հարց եք բարձրացնում, որը վերաբերում է շահառուների նույնականացման կանոններին, բայց կան բաղադրիչներ, որոնց գնահատականը պետք է տրվի առանձին։ Պատկերացնու՞մ եք՝ 3 օրվա փոխարեն դնենք, օրինակ, 1 օր, կամ ընդհանարապես պահանջ չդնենք ստացիոնար բուժման, մենք կունենանք շահառուների անկառավարելի շրջանակ և ի վիճակի չենք լինի այդ միջոցառումն իրականացնել ո՛չ ֆինանսական, ո՛չ կազմակերպչական իմաստով։ Այդ դեպքում տեղի կունենան հետևյալը՝ ցանկացած անձ, որը կունենան վնասվածք, կհանդիսանա նաև շահառու»,-ասաց նա։
Պատգամավորն արձագանքեց՝ եղել են դեպքեր, որ քաղաքացին, օրինակ, ոտքի թեթև վնասվածք է ստացել ու 3 և ավելի օր ստացիոնար բուժվել, հետևաբար արդեն որոշ դեպքերում անարդարություն կա, հետևաբար պատգամավորն առաջարկեց առաջնորդվել ոչ թե ստացիոնար բուժման օրերով, այլ վիրավորման ծանրությամբ։










