«ԱՄՆ-ն և Իսրայելն իրավունք չունեն անհանգստանալ Իրանի խաղաղ միջուկային ծրագրի առնչությամբ»․ «Անսարալլահ»
Եմենի «Ազգային համաձայնության կառավորություն»-ը և հութիական «Անսարալլահ» շարժումը դատապարտել են Նաթանզում տեղի ունեցած գործողությունը՝ այն որակելով «վախկոտ» քայլ և նշել, որ Իրանը պատշաճ պատասխանելու իրավունք ունի, հայտնում է Tehran Times-ը՝ հղում տալով տեղական Al Masirah թերթին։
Տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Միացյալ Նահանգները, որը «հանցավոր պատմություն» ունեցող միջուկային զինանոց ունի և Իսրայելը՝ որպես իր «զավակ», «իրավունք չունեն անհանգստանալու Իրանի խաղաղ միջուկային ծրագրի առնչությամբ»։
«Անսարալլահ»-ը շեշտել է նաև, որ Իրանի միջուկային ծրագիրն անկախ կամքի դրսևորման օրինակ է։
«Ազգային համաձայնության կառավորություն»-ը, իր հերթին, հայտնել է, որ երկիրը կանգնած է Թեհրանի կողքին և նշել, որ հարձակումն իրկանացվել է 2015 թվականին ստորագրված Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ ընթացքող բանակցությունները խափանելու նպատակով։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ապրիլի 11-ի գիշերը իրանական ատոմակայանում, որը Իրանի ուրանի հարստացման ծրագրի կենտրոնական տարրն է և վերահսկվում է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների կողմից, տեղի է ունեցել էլեկտրական ցանցերի հետ կապված վթար:
Փոխնախագահ Ալի Աքբար Սալեհին կատարվածը որակել է որպես ահաբեկչական գործողություն և ասել, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում վրեժխնդիր լինել մեղավորներից:
Ատոմակայանում ենթադրաբար Իսրայելի կազմակերպած պայթյունի պատճառով էլեկտրաէներգիայի բաշխման ցանցի խափանումը կարգավորելու և աշխատանքները վերսկսելու համար կարող է պահանջվել առնվազն 10 ամիս։
Հիշեցնենք՝ երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն Նաթանզում տեղի ունեցածը որակել էր «միջուկային ահաբեկչություն» և «մարդկության դեմ ուղղված հանցագործություն»։










