«Առջևում ահավոր օրեր են». աֆղանստանցի կանայք վախենում են «Թալիբան»-ի վերադարձից. The Guardian

15:39 • 15.04.21

Աֆղանստանում վախի մթնոլորտ է, տեղացի կանայք վախենում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների զորքերի ամբողջական դուրսբերումից և «Թալիբան» շարժման՝ իշխանության վերադարձից հետո, երկրում կարող են շատ սահմանափակումներ կիրառվել, որոնց կատարումից հրաժարվելու դեպքում հավանական է, որ մարդիկ սպանվեն, գրում է The Guardian-ը:

Պարբերականը նշում է՝ տեղացի կանայք արդեն իսկ սկսել են դողդոջուն ձայնով շշնջալ՝ «ամերիկացիները հեռանում են»: Աֆղանստանում ուսումնական հաստատություններից դուրս գալուց հետո տուն ուղևորվելու համար կանայք սպասում են միմյանց, որպեսզի մենակ ճանապարհ չգնան, քանի որ վախենում են՝ այդ օրը կարող է լինել նրանց կյանքում վերջինը: 

«Առջևում ահավոր օրեր են սպասվում: «Թալիբան»-ի իշխանության վերադառնալուց հետո մեզ համար մի շարք սահմանափակումներ են կիրառվելու: Նրանք չեն թողնի կանանց լքել տունը, էլ չեմ ասում, որ այն ինչ անում եմ հիմա (նկատի ունի կրթություն ստանալը,-Tert.am) ամբողջապես կարգելվի»,- կարծում են տեղացի կանայք:

Նշենք՝ «Թալիբան» շարժումը մեկ անգամ չէ, որ դեմ է հանդես եկել կանանց կրթություն ստանալուն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օրերս հայտնել էր ամերիկյան զորքերն Աֆղանստանից դուրս բերելու որոշման մասին, քանի որ ցանկանում է վերջ դնել Աֆղանստանում ամերիկյան զորքերի 20 տարվա ներգրավվածությանը:

«Ես ԱՄՆ-ի չորրորդ նախագահն եմ, որի ղեկավարության օրոք ամերիկյան զորքերը գտնվում են Աֆղանստանում։ Երկու հանրապետական և երկու դեմոկրատ։ Ես այս պատասխանատվությունը չեմ փոխանցի հինգերորդ նախագահին․․․ Ժամանակն է վերջ դնել Ամերիկայի ամենաերկարատև պատերազմին։ Ժամանակն է, որ ամերիկյան զորքերը տուն գան»,- ասել է Բայդենը։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) 10 հազար զինվորականներն Աֆղանստանից կվերադառնան մինչև սեպտեմբերի 11-ը, երբ ԱՄՆ-ում հիշատակեն Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման 20 տարին։

Հիշեցնենք՝ Աֆղանստանում գտնվող 2500 ամերիկացի զինվորականները, ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների 7000 զինվորականները, այդ թվում՝ 750-ը Մեծ Բրիտանիայից, աստիճանաբար Աֆղանստանից դուրս կգան մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում: Դուրսբերումը կընթանա դաշնակիցների և գործընկերների հետ լիարժեք համաձայնեցմամբ: