ԱՄՆ պետքարտուղարն ամերիկյան զորքի դուրսբերման հարցով անակնկալ այցով ժամանել է Աֆղանստան և հանդիպել երկրի նախագահին

16:59 • 15.04.21

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այսօր չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ, հայտնում է Associated Press-ը:

«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը չհայտարարված այցով գտնվում է Աֆղանստանում ՝ փոխանցելու նախագահ Ջո Բայդենի որոշումը երկրից ամերիկյան զորքերը դուրս բերելու առնչությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Գործակալությունը նշում է, որ Բլինկենը Քաբուլում հանդիպել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի, Ազգային հաշտության գերագույն խորհրդի նախագահ Աբդուլլահ Աբդուլլահի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

«Այս այցի միջոցով ես ուզում էի ցույց տալ Միացյալ Նահանգների շարունակական նվիրվածությունը իսլամական հանրապետությանը և Աֆղանստանի ժողովրդին»,- ասել է Բլինկենը Գանիի հետ հանդիպումից հետո:

«Գործընկերությունը փոխվում է, բայց այն կայուն է», - հավելել է նա:

Նշվում է նաև, որ պետքարտուղարը Քաբուլ է ժամանել Բրյուսելից, որտեղ պաշտոնական այցով գտնվում էր ապրիլի 12-15-ը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օրերս հայտնել էր ամերիկյան զորքերն Աֆղանստանից դուրս բերելու որոշման մասին, քանի որ ցանկանում է վերջ դնել Աֆղանստանում ամերիկյան զորքերի 20 տարվա ներգրավվածությանը:

«Ես ԱՄՆ-ի չորրորդ նախագահն եմ, ում ղեկավարության օրոք ամերիկյան զորքերը գտնվում են Աֆղանստանում։ Երկու հանրապետականներ և երկու դեմոկրատներ։ Ես այս պատասխանատվությունը չեմ փոխանցի հինգերորդ նախագահին․․․ Ժամանակն է վերջ դնել Ամերիկայի ամենաերկարատև պատերազմին։ Ժամանակն է, որ ամերիկյան զորքերը տուն գան»,- ասել է Բայդենը։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) 10 հազար զինվորականներն Աֆղանստանից կվերադառնան մինչև սեպտեմբերի 11-ը, երբ ԱՄՆ-ում հիշատակեն Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման 20 տարին։

Հիշեցնենք՝ Աֆղանստանում գտնվող 2500 ամերիկացի զինվորականները, ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների 7000 զինվորականները, այդ թվում՝ 750-ը Մեծ Բրիտանիայից, աստիճանաբար Աֆղանստանից դուրս կգան մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում: Դուրսբերումը կընթանա դաշնակիցների և գործընկերների հետ լիարժեք համաձայնեցմամբ: