Կորոնավիրուսի դեմ բոլոր պատվաստանյութերը ունեն շատ կարճ օգտագործման ժամկետ. Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)

17:11 • 15.04.21

Այսօր Ազգային ժողովում պատգամավոր Թագուհի Թովմասյանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հարցուպատասխանի ժամանակ նկատեց, որ Հայաստանի Հանրապետություն ներկրված կորոնավիրուսային հիվանդության դեմ «AstraZeneca» պատվաստանյութի ժամկետը լրանում է մայիսի 30-ին:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նկատեց, որ կորոնավիրուսի դեմ բոլոր պատվաստանյութերն էլ ունեն շատ կարճ օգտագործման ժամկետ: «Այն, որ Հայաստան ժամանած պատվաստանյութն ունի 2 ամսից մի փոքր ավելի օգտագործման ժամկետ, լրիվ բավարար է: Հայաստան ներկրված «AstraZeneca» պատվաստանյութի օգտագործման ժամկետը մինչև մայիսի 31-ն է»,- ասաց նախարարը և ներկայացրեց, որ հանրության շրջանում պատվաստանյութերի և պատվաստումների վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրանելու համար աշխատանքներ են տանում:

Անահիտ Ավանեսյանը հայտնեց նաև, որ մասնավոր ընկերությունները ևս հայտ են ներկայացրել, որ հնարավորություն ունենան ներկրելու և գործընթացին մասնակից լինելու: «Լիցենզիա ունեցող մասնավոր ընկերությունները՝ մեծածախ դեղագործական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցողները հայտ են ներկայացնում Առողջապահության նախարարություն՝ մատնանշելով և՛ պատվաստանյութի տեսակը, և՛ քանակը»,-ասաց նա և նշեց, որ մասնավոր ընկերությունները պետք է ստանան մեկանգամյա ներկրման թույլտվություն, հետո միայն կարող են օգտագործել պատվաստանյութերը՝ նախարարի կողմից հաստատված հստակ չափորոշիչների ներքո:  

Կորոնավիրուսի դեմ բոլոր պատվաստանյութերը ունեն շատ կարճ օգտագործման ժամկետ. Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)