8 նախարար, 2 փոխնախարար և 3 այլ բարձրաստիճան պաշտոնյա. Կիպրոսի կառավարությունը պատվաստվել է AstraZeneca-ով

16:19 • 15.04.21

Կիպրոսում ամբողջ կառավարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է AstraZeneca-ով՝ փորձելով հասարակությանը համոզել պատվաստանյութի անվտանգության հարցում: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

8 նախարար, 2 փոխնախարար և 3 այլ բարձրաստիճան պաշտոնյա AstraZeneca-ի ներարկումներ են ստացել մայրաքաղաք Նիկոսիայի պատվաստումների կենտրոնում ՝ բնակչությանը հանգստացնելու համար ներարկումների և թրոմբոզի հազվադեպ հանդիպող դեպքերի հավանական կապի մասին լուրերի ֆոնին:

«Մենք ուզում ենք հստակ հաղորդագրություն ուղարկել, որ պատվաստումն է կարևոր, այլ ոչ թե պատվաստանյութը»,-ասել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը, որին հունվարին ներարկվել էր Pfizer-BioNTech պատվաստանյութ: Կառավարության ևս երկու անդամ պատվաստվել է ավելի վաղ՝ կապված  տարիքի հետ:

Նշենք, որ Կիպրոսը AstraZeneca պատվաստանյութով պատվաստումները դադարեցրել էր մարտի կեսերին, բայց վերականգնել է դրանք անմիջապես այն բանից հետո, երբ Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը հայտարարել էր, որ պատվաստանյութի օգուտները շատ ավելի մեծ են, քան ռիսկերը:

Կիպրոսն այժմ ակնկալում է պատվաստել իր բնակչության 70%-ին մինչև հունիսի վերջ՝ հասնելով կոլեկտիվ իմունիտետի, ասել է Առողջապահության նախարար Կոստանդինոս Իոաննուն: