«Սենթ Վինսենթ կղզում ժայթքած հրաբխի հետևանքով ավելի քան 6 ամիս մարդասիրական ճգնաժամ կլինի»․ ՄԱԿ (լուսանկարներ, տեսանյութ)
Կարիբյան ծովում գտնվող Սենթ Վինսենթ կղզում ժայթքած հրաբխի հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամը կշարունակվի ևս մի քանի ամիս, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի պաշտոնյային։
Դիդիե Տրեբուքը, որը ՄԱԿ-ի` Բարբադոսի և Արևելյան Կարիբյան կղզիների հարցերով համակարգողն է, ասել է, որ հարևան կղզիները, այդ թվում` Բարբադոսը, Անտիգուան և Բարբուդան նույնպես կարող են բացասական ազդեցության ենթարկվել, որի համար ՄԱԿ-ը միջազգային դրամահավաք է հայտատարել։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Սենթ Վինսենթ կղզում ժայթքած հրաբխի հետևանքով բնակչությանը տարհանել են։ Սենթ Վինսենթ և Գրենադիններ կարիբյան կղզիների դաշնային պետության վարչապետ Ռալֆ Գոնսալվեսը «կարմիր գոտիներում» գտնվող շուրջ 20 հազար բնակչի հորդորել է տարհանվել։
Նախկինում հրաբուխը բռնկվել էր 1979 թվականին։
ՄԱԿ-ի պաշտոնյան ասել է, որ ժայթքումները և արտանետված մոխրի տարածումը դեռևս կշարունակվի առաջիկա շաբաթների ընթացքում և հավելել, որ սա ճգնաժամ է, որը միջազգային մարդասիրական և վերականգնողական արձագանքի կարիք ունի։
«Սա ճգնաժամ է, որը Սենթ Վինսենթում և այլ կղզիներում տևելու է անկասկած ավելի քան վեց ամիս», - հայտնել է Տրեբուքը:
ՄԱԿ-ը տեղեկացրել է, որ տարհանված բնակիչներից 4 հազարն այժմ ապրում են ապաստարաններում, որոնց մեծ մասը չունի հիմնական հարմարություններ, այդ թվում` խմելու ջուր։ Տարհանված բնակչության մյուս մասը նավակներով տեղափոխվել է հարակից կղզիներ։
Սենթ Վինսենթ և Գրենադիններ կարիբյան կղզիների դաշնային պետության վարչապետ Ռալֆ Գոնսալվեսը այցելել է ճամբարներում գտնվող արդկանց և տեղեկացրել, որ նրանց մեծ մասը ցանկանում է տանը մնալ։
Կից ներկայացնում ենք The Guardian ամսագրի պատրաստած ֆոտոշարքը։


















