Իմ նկատմամբ տեղի է ունենում հանցագործություն, իմ մանկահասակ երեխան է թիրախավորվում․ արշավներն իրենց մոտ չեն ստացվում, ես չեմ լռելու, շարունակելու եմ կնճռոտ հարցեր տալ․ Անի Գևորգյան
Չնայած փորձում են ինձ լռեցնել, բայց շատ անտաղանդ ձևով։ Արշավներն իրենց մոտ չեն ստացվում, քանի որ ես չեմ լռելու, շարունակելու եմ խոսել, շարունակելու եմ կնճռոտ հարցեր տալ։ Եթե իրենք պաշտոնյա են, պետք է պատրաստ լինեն պատասխանել ցանկացած հարցի, և պետք է հարգանք լինի լրագրողների նկատմամբ։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանը՝ անդրադառնալով իր հասցեին հնչած քննադատություններին։
«Ակնհայտ է, որ իմ նկատմամբ տեղի է ունենում հանցագործություն, իմ մանկահասակ երեխան է թիրախավորում։ Ես վստահ եմ, որ իրենք կապ ունեն, ավելին՝ ես վստահ եմ, որ սա անմիջապես Ալեն Սիմոնյանի կողմից պատվիրված գործողություն է, քանի որ հաջորդել է նրա վարքագծին խորհրդարանում։ Ուզում եմ հիշեցնել նաև, որ մամուլում Ալեն Սիմոնյանի անունը պարբերաբար կապվել է «ֆեյքային ֆաբրիկայի» հետ»,-ասաց Գևորգյանը, ապա նշեց, որ ակնկալում է, որ կլինի պատժվող։
«Եթե սկսել են գործընթաց, ես, հասարակությունը, լրագրողական համայնքը ուզում ենք տեսնել պատժվող, որ որևէ մեկը, որը լրագրողի նկատմամբ այսքան ժամանակ ինչ-որ բան արել է, գոնե մեկը պատժվել է։ Այդպիսի նախադեպ չկա»,- ասաց նա՝ նշելով նաև, որ եթե անգամ լրագրողների հանդեպ ճնշումները շարունակական լինեն, դա, միևնույն է, չի ընկճելու լրագրողներին։
Հիշեցնենք, որ վերջերս Facebook սոցիալական ցանցում կեղծ օգտատերերը տարածել էին Անի Գևորգյանի և նրա 2-ամյա որդու նկարները՝ վիրավորական գրառմամբ, իսկ դրա մեկնաբանությունների բաժնում այլ կեղծ օգտատերեր հանդես էին գալիս սպառնալիք պարունակող մեկնաբանություններով։










