Իրաքում ավերակների տակ ԻՊ գրոհայիններին պատկանած շուրջ 1,6 միլիոն դոլար, մի քանի կիլոգրամ արծաթ և ոսկի է հայտնաբերվել (տեսանյութ)
Իրաքի անվտանգության ուժերը Մոսուլում գտնվող տան ավերակների տակ հայտնաբերել են գրեթե 1,6 միլիոն դոլար գումար և մի քանի կիլոգրամ արծաթ և ոսկի, գրում է pledgtimes.com-ը՝ իրաքյան Shafaq news լրատվական պորտալին հղումով:
Պորտալի տեղեկություններով՝ հայտնաբերված ողջ հարստությունը ժամանակին պատկանել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին, որոնք երկար ժամանակ վերահսկել են քաղաքը: Իրազեկիչներից մեկից ստացված տեղեկատվության շնորհիվ ոստիկանությանը հաջողվել է հասնել ծայրահեղականների «բանկ»:
Նշվում է, որ ծայրահեղականները ողջ գումարը և թանկարժեք մետաղներն առգրավել և գողացել են տեղի բնակիչներից:
Պահոցը, մասնավորապես, պարունակել է 1,59 մլն ԱՄՆ դոլար, 17,5 մլն իրաքյան դինար (մոտ 12 հազար դոլար), 15 կգ արծաթ: Բացի այդ, ոստիկանները հայտնաբերել են գրեթե կես կիլոգրամ հատված ոսկի, ինչպես նաև 17,5 կգ արծաթե ձուլակտորներ և փոքր քանակությամբ այլ մետաղներ:
Հիշեցնենք՝ 2014 թվականի ամռանն «Իսլամական պետության» գրոհայինները գրավել էին Իրաքի տարածքի մոտ մեկ երրորդը: Նույն տարվա հունիսին նրանք գրավել էին երկրի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Մոսուլը, և այն հայտարարել էին իրենց «խալիֆայության» մայրաքաղաք:
Արմատականները վերահսկելով գրավյալ հողերը՝ հարկեր էին գանձել, ինչպես նաև թալանել տեղի խաղաղ բնակիչներին, ընկերությունները, պետական մարմինները և բանկերը:
2015 թվականին միջազգային կոալիցիայի աջակցությամբ Իրաքի կառավարական ուժերը լայնամասշտաբ արշավ էին սկսել ծայրահեղականների գրաված տարածքները ազատագրելու համար: Իշխանությունները Իրաքում խմբին պարտության մատնելու մասին հայտարարել էին 2017-ի դեկտեմբերին:
Գրոհայիններին դուրս մղելու գործողությունների ընթացքում ռազմական գործողություններից և հրետանիից և ինքնաթիռներից լուրջ վնասներ էին հասցվել Իրաքի շատ քաղաքների, որոնք ազատագրվել էին ահաբեկիչներից: Մասնավորապես, Մոսուլում մինչ օրս որևէ ամբողջական շենք չի մնացել, և դրանց վերականգնման համար, ըստ Իրաքի կառավարության, կպահանջվի առնվազն 2 միլիարդ դոլար:










