Հիմա մենք գտնվում ենք մի կետում, որտեղից կարող ենք ապահովել Հայաստանի և Արցախի ապագան. Վաղարշակ Հակոբյան (տեսանյութ)
Նախկինների համակարգի գոյության պատճառով մենք հասել ենք այս իրավիճակին և կարծում եմ՝ իմ մեկնաբանությունները նախկին իշխանությունների հասցեին առավել քան մեկնաբանված են և արդարացված: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
«Իմ քննադատությունները ուղղված են եղել այն համակարգին, որը գոյություն է ունեցել։ Այդ համակարգի գոյության արդյունքում մենք ունեցել ենք տասնյակ հազարավոր քաղաքացիների արտագաղթ, իրավիճակ, երբ էականորեն հետ ենք մնացել մեր պոտենցիալ թշնամիներից մեր ռազմական ներկայացվածությամբ և տնտեսությամբ և ես ուզում եմ նշել՝ սա շատ ցավալի իրականություն է, որն անցել ենք»,- ասաց Վաղարշակ Հակոբյանը:
Նա նաև նշեց՝ բանակցությունները Արցախի հարցի շուրջ գտնվել են փակուղում, բայց ներկա իշխանությունները կարող են ապահովել Հայաստանի և Արցախի ապագան:
«Արցախի շուրջ բանակցությունները փակուղի են մտցրել այն մարդիկ, ովքեր բանակցելու ժամանակ ասում էին՝ հանձնելու ենք հողերը, իսկ ժողովրդին ասում՝ ոչ մի թիզ չենք տալու, բայց ես կարծում եմ , որ մենք այժմ գտնվում ենք այն կետում, որտեղից մենք կարող ենք ապահովել Հայաստանի Հանրապետության և Արցախի ապագան, որը համապատասխանում է մեր ժողովրդի պատկերացումներին»,- նշեց նա:
Անդրադառնալով վերջին ԱԺ-ի հայտարարություններին՝ նա նաև նշեց՝ սա նախընտրական ելույթներ չեն, նա միշտ արտահայտվել է նույն ոճով:
«Մեր ԱԺ ելույթները նախընտրական քարոզչության մաս չեն կազմում սա քննարկում էր, որը բավականին կարևոր էր և այս քննարկման շրջանակներում մենք խոսել ենք ամենատարբեր թեմաներից»,- ընդգծեց նա:
Վաղարշակ Հակոբյանը նաև անդրադարձավ հունիսի 20-ին սպասվող արտահերթ ընտրություններին:
«Ես կասկածի տակ չեմ դնում ՀՀ քաղաքացիների խոհեմությունը և կարծում եմ՝ այն քաղաքական գործընթացները, որոնք այժմ շարունակվում են կհասնեն իրենց տրամաբանական ավարտին հունիսի 20-ի ընտրություններով, այդ ընտրությունների ելքը նաև ցույց կտա՝ ՀՀ քաղաքացիները ինչպես են պատկերացնում իրենց ապագան»,- ասաց Վաղարշակ Հակոբյանը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին նշեց՝ որևէ անգամ չի լսել Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ ստեղծելու մասին:
«Պետք է հասկանանք ՝ ոնց ենք հարաբերվում մեր հարևանների հետ, ինչպես ենք առաջ շարժվում, որովհետև տարածաշրջանային դիրքը փոխելը անհնար է ըստ էության և մենք դատապարտված ենք ապրելու նրանց հետ: Թուրքերի և Ադրբեջանցիների հետ բարեկամության մասին ես որևիցե զրույց չեմ լսել, և մեր ուժը կոշտ դատապարտել է այդ պուրակի բացումը»,- նշեց պատգամավորը:










